Այսօր Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան եւ Մարգարյան փողոցի բնակիչներից շատերը անհամբերությամբ էին սպասում ՀՀԿ-ական թեկնածու, Երեւանի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանին:
«Երեւանի մաքրությունը, կանաչապատումը, խաղահրապարակների կառուցումը նկատելի լավ գործեր են: Մենք ուզում ենք քաղաքապետի պաշտոնում իրեն տեսնել նորից»,-Aravot.am-ի հետ զրույցում ասացին Բաշինջաղյան փողոցի բնակչուհիներ Մարիամ Հակոբջանյանը եւ Արմենուհի Ուստյանը, որոնք Տարոն Մարգարյանից ակնկալում էին նաեւ աշխատատեղերի ստեղծում եւ մատչելի պայմաններով երիտասարդներին բնակարանների ապահովման ծրագիր.
«Էլիտար շենքերը որ սարքել են, ո՞վ կարա առնի, թող մատչելի, հասանելի լինի միջին խավի բնակիչներին: Անձամբ ես իմ տղային դրսից բերել եմ, պետք է ամուսնացնեմ, բայց տան խնդիր կա, բանկերի միջնորդությունն էլ շատ թանկ»,-ասաց Մարիամ Հակոբջանյանը:
Կարդացեք նաև
Տարոն Մարգարյանն էլ իր ելույթում առանձնացրած ներկայացրեց առաջիկա կարեւոր խնդիրների լուծումները. «Հիմնական խնդիրներից մեկը բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումն է: Այսօր բոլորս տեսնում ենք բազմաբնակարան շենքերի կառավարման մեջ բազմաթիվ խնդիրներ կան: Մենք մեր թիմով օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում: Պետք է ունենանք այնպիսի կառավարում, որ այսօրվա խնդիրները, որ կան շենքերում` շքամուտքերի վերանորոգում, վերելակների տնտեսություն, տանիքներ, նկուղներ` չլինի, որը մեր քաղաքացիների համար դարձել է առաջնային»:
Մանրամասները` տեսանյութում:
Բնակիչներից մեկն էլ, որը 155 դպրոցի բակում, ծառեր էր տնկել եւ ինքն էլ խնամում էր, ջրում խմելու ջրով` ոռոգման ջրի համար դիմեց պարոն Մարգարյանին, որին ի պատասխան քաղաքապետը ասաց. «Մենք այս 4 տարիների ընթացքում, շուրջ 80 կիլոմետր ոռոգման ջրի ցանց ենք անցկացրել Երեւան քաղաքում: Մեր նախընտրական ծրագրում հետեւյալն է, որ այդ ամենը պետք է շարունակական լինի ոչ միայն ոռոգման համակարգի, այլեւ պոմպակայանների տեղադրման, խորքային հորերի հարցում, եթե մենք ջուր չունենանք կանաչ քաղաք չենք կարող ունենալ` մեզ համար գերակա խնդիր է»:
Մանրամասները` տեսանյութում:
Թուլումջյան Ամալյայի թոռնիկը, ըստ նրա տառապում է խոնավության մեջ, հարսն էլ մահացել է, դարձյալ խոնավության պատճառով: Բնակարանը փոխանակելու խնդրանքով դիմեց Տարոն Մարգարյանին:
Մանրամասները` տեսանյութում:
«Ազատության» լրագրողի այն հարցին էլ` խուսափում է բանավեճից, թե` ոչ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ իրենց կատարած աշխատանքը եւ ծրագրերը քարոզարշավի միջոցով ժողովրդին են ներկայացում, ոչ թե բանավեճով. «Ես զարմանում եմ, որ անընդհատ այդ հարցն եք ուզում տալ, հստակ պատասխանը ստացել եք»:
Բնակիչները միայն խնդրանքներով չէ, որ Տարոն Մարգարյանին դիմում էին: Գեղեցիկ Շամիլյանը իր զոհված որդու` Աշոտ Շամիլյանի եւ մնաց զոհվածների հիշատակի համար բակերից մեկում տեղադրում էր զոհված ազատամարտիկների հուշակոթող եւ ուզում էր քաղաքապետի հավանությունը ստանալ: Պարոն Մարգարյանը խոստացավ, որ բացմանը, անպայման, ներկա կգտնվի:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ