ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական ընկերության նախաձեռնությամբ Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված սեմինար քննարկումների շաբաթ է անցկացվում: Ազատ մեդիա խորագրով քննարկումներին բանախոսում են ԶԼՄ ոլորտում առաջատար լրագրողները:
Այսօր ուսանողների հյուրն էր լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանը, որը խոսեց լրագրողի խոսքի և ազատության սահմանների մասին:
Ըստ հրապարակախոսի հայաստանյան մամուլը ազատ չէ, այն մշակված մեխանիզմի մի մասն է և զուտ անկախության իմիտացիա է անում: Մամուլը չունի սեփական բյուջե, ֆինանսավորումը իրականացվում է երրորդ անձի միջոցով, արդյունքում չկա ինքնակառավարվող և ազատ խոսքը տարածող ԶԼՄ:
Կարդացեք նաև
Եվ լրագրողների այն հարցին, թե ո՞րն է այս ամենի պատճառը: Մհեր Արշակյանը հետևյալ կերպ մեկնաբանեց.
«Մեր երկրում չկա համապատասխան քաղաքական միջավայրը, որտեղ ազատ մամուլը չհետապնդվի: Ամբողջ աշխարհում ընդդիմությունը իշխանություն է, իսկ Հայաստանում հակառակն է՝ իշխանությունը չի վախենում ընդդիմությունից, չի վախենում նաև մամուլից, քանի որ մամուլին ինքն է ստեղծում, ֆինանսավորում և պահում: Իսկ մեր հասարակությունը սովորել է այս մեխանիզմին: Կոպիտ ասած` մեր ժողովուրդը անընդհատ «Գայլն ու գառն» է կարդում և չի էլ ուզում ուրիշ ավելի հետաքրքիր ստեղծագործությունների հետ ծանոթանալ»:
Խոսելով Հայաստանում երբևէ եղած ազատ լրատվամիջոցներից մեկի ՝ Ա1+-ի մասին, հրապարակախոսը շեշտեց, որ ժամանակին այն կարողանում էր բոլոր մյուս լրատվամիջոցներին ստիպել մտնել մրցակցային դաշտ և այդ կերպ իշխանությանը դրդում էր հաշվետու լինել այս կամ այն քայլի համար.
«Իշխանությունը, երբ փակեց Ա1+-ը այդ պահից չգրված իրավունք ստացավ լրատվամիջոցներին հասանելի չլինելու: Իսկ հիմա իրավիճակը ուրիշ է՝ բոլոր պաշտոնյաները հաշվետու են լինում այն ժամանակ, երբ որ աղմուկ է բարձրանում»:
Իսկ հայկական ժուռնալիստիկան, ըստ լրագրողի, արժեզրկվել է և համաշխարհային ժուռնալիստիկայի հետ զուգահեռներ չենք կարող տանել.
«Հնարավոր է որ դուք շատ գրքեր եք կարդացել, գիտեք ժուռնալիստիկայի այս կամ այն հնարքները, գիտեք ինչպես են աշխատում ԱՄՆ-ում և Եվրոպայում, դուք մտածում եք, որ կարող եք նույն փորձը կիրառել նաև Հայաստանում, բայց դա գործնականում անհնար է: Այստեղ ժուռնալիստի արտադրանքի որակը հավասարեցված է հնդկական սերիալ նայող ընթերցողի ընկալմանը: Այսինքն` քո աշխատանքը պրիմիտիվ է, այդ աշխատանքով մեծ բացահայտումներ չես անում»:
Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ