Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին ԵԽԽՎ պատվիրակները հարցեր հղեցին:
Ադրբեջանի պատվիրակները բառացիորեն հարձակում գործեցին հանձնակատարի վրա: Ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը հորդորեց հանձնակատարին զգույշ լինել ու հիշեցրեց այն, որ Նիլս Մուժնիեկսի մասին կա տարածված կարծիք, որ նա աշխատում է Հայաստանի համար:
Պարոն Մուժնիեկսը շեշտեց, որ ինքը` որպես ԵԽ մարդու իրավունքի հանձնակատար, շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանին ու հիմնավորեց. «Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը գնալով վատանում է: Դա է պատճառը, որ ես հատուկ ուշադրություն եմ դարձնում Ադրբեջանին, յուրաքանչյուրն էլ իմ տեղում լինելով` դա կաներ: Եվ ես շարունակելու եմ այդպես վարվել»:
Քիչ անց կրկին ադրբեջանցիները հարձակում գործեցին Նիլս Մուժնիեկսի վրա: Պատվիրակներից Վուսալ Հուսեյնովը հայտարարեց, թե հայ իրավապաշտպանը 25 օր հացադուլ էր հայտարարել, ինչի պատճառով ի վերջո մահացավ, սակայն Նիլս Մուժնիեկսի կողմից որևէ արձագանք չեղավ, մինչդեռ Ադրբեջանի հասցեին մշտապես քննադատական հայտարարություններով է հանդես գալիս, պարոն Մուժնիեկսը կրկնեց իր նախորդ հիմնավորումը.
Կարդացեք նաև
«Մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում լուրջ մտահոգություն է առաջացնում, ինչով մտահոգված է նաև ԵԽ գլխավոր քարտուղարը: Այդ հարցը լուրջ ուշադրության է արժանանում նաև գլխավոր քարտուղարի կողմից: Ադրբեջանի թեման առանձին հարց է ու լուրջ վերաբերմունք է պահանջում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես զեկույց եմ պատրաստել նաև Հայաստանի մասին, դա հրապարակել եմ և նշել նաև թերությունների մասին: Բայց, կրկնում եմ, Ադրբեջանի իրավիճակը հատուկ ուշադրության է արժանի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ