Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Տարիներ առաջ Հրաչյա Մաթևոսյանի՝ Հրաչօյի, Արցախ Բունիաթյանի հետ Ողջիի ափով Կովսականից գնում էինք Կապան՝ Խուստուփում ամփոփված Նժդեհի մասունքի մոտ: Շատ գեղեցիկ է Ողջիի հովիտը: Սկսեցինք համեմատել մեր հայրենիքի այլ վայրերի հետ՝ թե որն է ավելի գեղեցիկ: Հրաչօն ասաց.
-Հայաստանի ամենագեղեցիկ վայրը Համո Սահյանի բանաստեղծություններն են:
Արդեն 14 տարի է, ինչ մեծ բանաստեղծը չկա: Սակայն, ինչպես ինքն է գրել՝ Ուր էլ լինեմ, կգամ: Ապրիլի 26-ին Բերձորում էր նրա հոգին. բանաստեղծի ծննդյան 103 ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնեք» խորագրով հուշ-ցերեկույթ կայացավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Բեմում տարբեր դասարանների աշակերտներ էին, ովքեր մեծ սիրով ու նվիրումով ներկայացրեցին Սահյանին:
Կարդացեք նաև
Իհարկե, ցանկացած հայ գիտե Սահյանին, ընթերցել է նրա բանաստեղծություններից, սակայն աշակերտների ներկայացրածը գեղեցիկ էր ու տպավորիչ: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անի Դավթյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ դասավանդում է հարազատ կրթօջախում, կարողացել էր ճիշտ աշխատել իր սաների հետ: Մուտքն սկսվեց բանաստեղծի կենսագրականով և նրա մասին հայ ու օտարազգի մշակույթի գործիչների խոսքերով: 7-րդ դասարանի աշակերտ Ռաֆիկ Ալեքսանյանը, ով մարմնավորում էր բանաստեղծին, ասաց՝ ես բանաստեղծ եմ, ծնվել են 1914 թվականի ապրիլի 14-ին: Այնուհետև աշակերտները մեկիկ-մեկիկ խմբով ներկայացրեցին «Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը»՝ Սահյանի բանաստեղծությունները:
Հնչեցին երգեր՝ գրված Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա(«Ես չիմացա, թե ինչու», «Դռները բացեք՝ գարուն է գալիս», «Արագիլներ», «Մեր լեզուն» և այլն), որոնք գեղեցիկ ներկայացրեցին Լիլիթը, Սնեժանան, Ռաֆիկը: «Օրը մթնեց» բանաստեղծությունն արտասանելիս աշակերտները բեմականացրեցին թանապուրը լցնելու պահը: Հնչեց երաժշտություն, որի հնչյունների տակ ազգագրական պարով հանդես եկավ Հռիփսիմեն: Պարերով հանդես եկան նաև այլ աշակերտներ:
Ներկայացնելով Սահյանին՝ աշակերտներն անդրադարձան նրա ստեղծագործության ժամանակագրությանը, թեմաներին, հրապարակված ժողովածուներին: Նրա բանաստեղծությունները տպագրվել են անցած դարի 30-ական թվականներից, բայց հայ ժողովուրդն իր բանաստեղծին ճանաչել է ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հայրենիքից հեռու գտնվող բանաստեղծի կարոտի, նվիրվածության խոսքն է: Այն հայրենիքի, որի համար պատրաստ է կյանքը տալ երիտասարդ զինվորն ու բանաստեղծը:
Նշվեց՝ Սահյանի անդրանիկ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Խոսելով բանաստեղծի սիրային քնարերգության մասին՝ նշեցին, որ Սահյանն արտահայտել է կարոտի, ցավի հիասթափության պահեր:
Մեծ տեղ էր հատկացվել հայ ժողովրդին ու Հայաստանին նվիրված գործերին: Ընթերցվեցին տասնյակ բանաստեղծություններ՝ հայ պոեզիայի գոհարներ, որոնք սիրով էր ընկալում հանդիսատեսը՝ դպրոցի տնօրենությունը(տնօրեն՝ Անահիտ Քոսակյան), ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր: Ցերեկույթն ավարտվեց ներկաների ծափողջյունների տակ: Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը գոհունակություն հայտնեց աշակերտներից, ուսուցիչներից: Ներկա լինելով միջոցառմանը՝ գտնում եմ՝ նման հանդեսները, անդրադառնալով հայ գրականության մեծագույն ներկայացուցիչներին, նրանց ստեղծագործությունները դարձնում են մշտապես ապրող և ուղեկից մեզ:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ