Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերից կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը

Ապրիլ 26,2017 20:15

ՀՀ կառավարության գերակա խնդիրներից մեկը  Հայաստանում բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրումն է։ Աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին  ներկայացրել  է այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա միջոցառումներն ու  ժամանակացույցը։

Նախարարին զեկուցվել է, որ բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման հայեցակարգի նախագիծը  մշակելուց առաջ ևս մեկ անգամ կուսումնասիրվի աշխարհի տարբեր երկրների փորձը, ինչպես նաև հաշվի կառնվեն Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու դրանցից բխող զարգացումները։

«Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում  բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»,-ասել է Լևոն Ալթունյանը` կարևորելով անկախ մարմնի` բժշկական հաշտարարի արդար և թափանցիկ գործունեությունը։

«Մեր բոլոր նախաձեռնությունները, իրավական ակտերի տրամաբանությունը պետք է ուղղված լինեն  նրան, որ բժշկական հաշտարարի ինստիտուտն ունենա հեղինակություն և վայելի բնակչության վստահությունը։ Իսկ հաշտարարը պետք է լինի սկզբունքային, անաչառ և հետևողական»,- ասել է նախարարը։

Լևոն Ալթունյանին ներկայացվել է այդ ուղղությամբ իրավական դաշտի ապահովման նախանշվող զարգացումները։ Նշվել  է, որ համաձայն ժամանակացույցի բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման հայեցակարգի նախագիծը պատրաստ կլինի մինչև մայիսի 25-ը։

Քննարկման ընթացքում կարևորվել  է ինչպես բուժառուների, այնպես էլ բուժաշխատողների պաշտպանվածության ապահովումը։ Նախարար Ալթունյանը որպես այդ խնդրի կարգավորման դեղատոմս  նշել է կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի ներդրումը։ Նա տեղեկացրել է, որ շարունակական այդ աշխատանքը կավարտվի երեք տարվա ընթացքում։ Այժմ տեղայնացվում են արդեն իսկ թարգմանված 215 ուղեցույցներն ու շուրջ 100 գործելակարգերը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930