Լրահոս
Օրվա լրահոսը

«20 օր առաջ ձայն փախցնող պատգամավորները չե՞ն մեզ թունավորողները»․ ֆերմեր

Ապրիլ 26,2017 19:55

Aravot.am-ի հետ զրույցում Ազատան գյուղի ֆերմեր Գևորգ Աբրահամյանն, անդրադառնալով թուրքական վտանգավոր լոլիկների ու ադրբեջանական խնձորների հայկական շուկայում հայտնվելուն, ասաց․«Էդ կասկածելի բաղադրությամբ, թշնամի երկրների ապրանքը պիտի մաքսատներից հետ դարձնեն, իրենց ձեռքն է, հո մեր ձեռքը չէ։ Մենք ո՞վ ենք, որ ապրանք ներմուծենք, էլի էդ պատգամավորների բիզնեսը չէ՞ դա, որոնք 20 օր առաջ ձայները փախցրեցին, տարան, կռիվ-դավի արեցին, հիմի էլ ազգին թունավորելով են զբաղված։ Արարատյան դաշտավայրում մարդիկ չգիտեն խնձորն ինչպես իրացնեն, սառնարանում դրած, գումար են ծախսում, որ պահեն, գոնե կարողանան վաճառել, էս մարդկանց օգնելու փոխարեն, մեկ էլ ադրբեջանական խնձոր են հրամցնում մեզ։ Ես համոզվել եմ, որ մեր երկրում գյուղատնտեսական արտադրությունը ոչ մեկին ձեռնտու չէ։

Բարձիթողի վիճակ է, սուտ են խոսում, թե գյուղատնտեսությանը զարկ են տալու։ Իրենք ուզում են ինչքան հնարավոր է ներմուծեն, յուրաքանչյուր բան ներմուծեն, փող աշխատեն։ Էսօրվա դրությամբ կարտոֆիլ արտադրող երկրում, որտեղ էնքան բերք կա, որ ողջ հանրապետությանն է լիուլի բավարարում, տեղի արտադրողին ոչնչով չեն օգնում իր ապրանքը սպառելու, հակառակը շուկան լցնում են արաբական երկրներից եկած կարտոֆիլով։ Ես կոնկրետ շուկայի առևտրականներից եմ հետաքրքրվել ու իմացել, որ վաճառում են Եգիպտոսից ու Իսրայելից ներմուծված կարտոֆիլ։

Չեմ ուզում ասել, թե թուրքական կամ ադրբեջանական երկրների պես սրանք կասկածելի բաղադրություն ունեն, բայց չեմ էլ ուզում մոռանանք, որ արաբական ապրանքի հետ գործ ունենք։ Իսրայելը հզոր գյուղատնտեսություն ունեցող երկիր է, չեմ կարող ասել ինչ որակի կարտոֆիլ ունեն, բայց օրինակ Եգիպտոսի արտադրանքից ես շատ եմ վախենում։ Հիմա ասեմ ինչի համար են այդպես անում․ հենց կարտոֆիլի գինը պիտի բարձրանա ու այսպես ասած գյուղացու աչքին լույս իջնի, մտածում են ինչքան հնարավոր է, բերեն դրսից, գինը գցեն, բա արտադրողն ի՞նչ անի։ Հասկանում ենք, որ գնի բարձրացումը քաղաքում ապրող բնակչի գրպանին վնաս է, բայց արտադրողն ինչպե՞ս վարվի, երբ վարկերի տակ է, կառավարությունը թիկունքին չէ, ստիպված է գին բարձրացնելու։

Ամեն տարի այս ժամանակ պարարտանյութի հարցը համայնքներում լուծված-պրծած էր, հիմա հասել է ցանքի սեզոնը, բայց համայնքներում 30-40 տոկոսով պարարտանյութի հարցը լուծված չէ։ Ամենակարևոր հարցը, իսկ իրենք ընկել, դրսից ապրանք են բերում։ Տո դուք պարարտանյութը նախօրոք բերեիք, բոլոր համայնքները պարարտանյութի խնդիր ունեն, մենակ տեսնես հերթերը ուր են հասնում, ամեն համայնքին տալիս են 20 տոննա, մեծ համայնքներին՝ 40 տոննա, մի քանի հոգու հասնում, պրծնում է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930