Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշումը սառը ցնցուղ կլինի բոլոր դատավորների համար». Տիգրան Հայրապետյան

Ապրիլ 26,2017 19:25

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի բողոքի բավարարման որոշմանը ոչ միայն Եղնուկյանը, այլեւ իր պաշտպան՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը չէին սպասում:

«Մեր դատական համակարգն այնքան վատ հանգրվանում է  հայտնվել՝ երբ սովորական, արդար դատական ակտ է կայացվում, մենք բոլորս զարմանում ենք: Բնական է, որ զարմանալու բան չկա, միանշանակ է, որ անձն իրավունք ուներ դիմել, որ իր խափանման միջոցը վերանայվի եւ այն պետք է վերանայվեր: Գլխավոր դատախազությունում արհամարհել էին այդ իրավունքը, առաջին ատյանի  դատարանը ակնհայտ, անհիմն կերպով անտեսել էր, կարեւոր իրավունքին ընդհանրապես չէր անդրադարձել, ինչը, իմ կարծիքով,  շատ կոպիտ խախտում էր դատավորի կողմից»,-այսօր Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հրապարակումից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց բավարարել Կարո Եղնուկյանի բողոքը՝ գլխավոր դատախազության անգործության դեմ եւ բեկանելով առաջին ատյանի դատարանի վճիռը՝ գլխավոր դատախազությանը պարտավորեցրեց վերացնել Եղնուկյանի իրավունքների խախտումները:

Փաստաբանն այս գործով անգործություն է արձանագրել գլխավոր դատախազությունում ու կողմնակալություն առաջին ատյանի դատարանում. «Առաջին ատյանի դատարանում պարզվեց, որ դատավորն անկողմնակալ դատավոր չէ, կապի մեջ է եղել դատախազության հետ, Կարո Եղնուկյանի նկատմամբ հենց այդ նույն վերաբերմունքն են ունեցել: Մեղադրանքից սկսած՝ անհեթեթություններ են այս գործում, մեղադրանքը հետեւյալն է՝ ինչ-որ մեկը տեղեկություն է տարածել, Եղնուկյանը նպաստել է, որ այդ ինչ-որ մեկը տեղեկություն տարածի: Ինչ-որ մեկը քաղաքացիներին տեղափոխել է, ինքն ապահովել է, որ այդ ինչ-որ մեկը քաղաքացիներին տեղափոխի կամ ինչ-որ մեկը ապատեղեկատվություն է տարածել, Կարո Եղնուկյանը նպաստել է, որ այդ ապատեղեկատվությունը տարածվի»:

Տիգրան Հայրապետյանի համոզմամբ, Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը սառը ցնցուղ կլինի բոլոր դատավորների համար, որոնք առանց հիմնավորումների անձի նկատմամբ կիրառում են կալանքը՝ որպես խափանման միջոց. «Իմ կարծիքով, թե՛ քննչական մարմինն ու դատախազությունը, թե՛ դատավորները խորը պետք է մտածեն, պետք է դատախազությունում  վերանայումներ լինի, իսկ այն դատախազները, որոնք արհամարհել են անձի իրավունքը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Փաստաբանի դատարկ խօսքեր,
    քաջալերելու համար որ յաճախորդը շարունակէ դիմել քո ապարդիւն ծառայութեան, եւ վճարել:

    Դատախազը մերժած էր քննել մեղադրեալի – կրկնողական – բողոքը:

    Այս վճիռը պարզապէս ասում է՝
    դատախազ, նորէն քննի՛ր տեսնենք, այդ նոյն բողոքը:

    Ըստ էութեան, ոչ մի բան չկա այստեղ:

    Այսինքն՝ այժմ պէտք է որ դատախազը քննի բողոքը, դատարանին առջեւ պատասխանէ բողոքին, եւ ապա դատարանը որոշում առնէ բողոքին մասին: Դեռ եթէ մինչ այդ, Վճռաբեկ Դատարան չերթայ այս վիճաբանութիւնը…

    Այս դատական անիմաստ քայլերը կարող են նոյնիսկ վատթարացնել մեղադրյալի կացութիւնը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930