«Ագրամունտը պետք է հրաժարական տա». Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այս բովանդակությամբ թռուցիկներ են բաժանվում: Խորհրդարանականներն արդեն այն տրամադրվածությունն ունեն, որ ուրբաթ` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը, Պեդրո Ագրամունտը հրաժեշտ կտա իր պաշտոնին:
Զուգահեռաբար ԵԽԽՎ կանոնադրական հանձնաժողովը շարունակում է քննարկել ԵԽԽՎ աշխատանքների թափանցիկությունը ապահովելու և այս ենթատեքստում` կաշառակերությունը բացառելու մեխանիզմներ առաջարկող զեկույցը:
Զեկույցի քննարկմանը այս անգամ հրավիրված էր GRECO-ից մասնագետ: Քննարկումը փակ էր լրատվամիջոցների համար:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, քննարկման մասնակից Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեց` կոնկրետ ի՞նչ առաջարկներ են հնչել մասնավորապես ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ հսկողության առումով, որպեսզի բացառվեն կոռուպցիոն դրսևորումները, տիկին Կարապետյանը պատասխանեց.
«Առաջարկները հիմնականում վերաբերում են հայտարարագրերի խստացմանը, նվերների հայտարարագրմանը, ծախսերի հաշվետվությունների խստացմանը, ինչպես նաև Վեհաժողովում լոբբինգի օրինական ձևակերպմանը` դրականը բացասականից տարանջատելու համար: Սակայն բաց են մնում այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են, օրինակ, զեկույց պատրաստելու դեպքում զեկուցողի շահերի բախման վերահսկումը, կամ, օրինակ, զեկուցողի չարաշահումների բացահայտման ու նրա անհամապատասխանության դեպքում արդեն իսկ ընդունված զեկույցի հետագա ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն արդեն որոշում է կայացրել ստեղծել անկախ մարմին, որը կզբաղվի կոռուպցիոն դրսևորումների հետաքննությամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ