Այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուները երթի ընթացքում քաղաքացիներին հորդորում էին մայիսի տասնչորսին, անպայման, մասնակցել ավագանու ընտրություններին՝ շեշտելով, որ գաղտնի, փակ քվեարկությամբ է ընտրությունները տեղի ունենում:
«Ես վստահ եմ, որ ինքնասիրությունը դեռ չի մեռել ձեր մեջ, եւ դուք գոնե հանուն ինքնասիրության ձերբազատվելու եք այս ամենից՝ ձեր ձայնը տալով քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին»,- հայտարարեց Սոնա Աղեկյանը:
Քաղաքացիների հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այս անգամ էլ հետաքրքրվեց՝ ինչ են նրանք ուզում, որ փոխվի Երեւանում: Քաղաքացիներից մեկն էլ ի պատասխան ասաց՝ առաջիկա ընտրություններին կանգնելու է տիկին Փոստանջյանի մեջքին. «Հաղթելու ենք, չվախենա՛ս, կանգնելու ենք մեջքիդ: Բոլորին տրորելով՝ հաղթելու ենք: Ժողովուրդը քո կողմից է, ցավդ տանեմ»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանն այսօր կրկին հիշեցրեց քաղաքապետ ընտրվելու դեպքում իր անելիքները՝ ասելով, որ հսկայածավալ աշխատանքներ ունի անելու. «Առաջինը՝ Երեւանը պետք է մաքրել աղբից՝ անարդարությունից, կոռուպցիայից, ապօրինություններից, որոնք տարիներ շարունակ կուտակվել են…Մեր հիմնական ուղերձը քաղաքացիներին այն է, որ պատրաստվում ենք գրավել Երեւանի քաղաքապետարանը եւ ազատագրումը սկսում ենք Երեւանից, որը սկիզբն է լինելու ողջ հանրապետության վերափոխման, մաքրման ու նոր հասարակարգի ու համակարգի ձեւավորման»:
Նրա խոսքով, այսօր հասարակությունը դարձել է խոցելի, իսկ համակարգը ահավոր արատավոր է. «Որը կործանում է մեր երկիրը: Գտնվում ենք կործանման եզրին»:
Տիկին Փոստանջյանն ինչպես ավելի վաղ էր ասել, իր թիրախը ՀՀԿ-ն է, այդ պատճառով նա կրկին չմոռացավ քննադատել ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի աշխատանքը, որպես քաղաքապետ. «Իր պաշտոնավարման ընթացքում Երեւանն ավելի է մոտեցել դժոխքի»:
Վերջին օրերին քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ շփումներից տիկին Փոստանջյանը եզրահանգել է, որ քաղաքացիները վերափոխման մեծ սպասումներ ունեն, ու ինքը պետք է ու կարող է արդարացնել այդ սպասումները. «Ես կարող եմ, մենք ունենք ծրագիր, հստակ դիրքորոշում, ունենք նաեւ քաղաքական հսկայական փորձ, վստահություն ու աջակցություն սփյուռքի հայությունից, ինչը մեզ ավելի է ուժեղացնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ