Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բիշարյան. Դիտորդն ահազանգել է գլխավոր դատախազությանը, որ իրեն չեն վճարել. (Տեսանյութ)

Ապրիլ 26,2017 18:40

Գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տասնյակ մարդիկ առ այսօր չեն վճարվել իրենց կատարած աշխատանքի դիմաց: Նման դիմում ստացվել է Գլխավոր դատախազությունում:

Կարեն Բիշարյանը չհրապարակեց դիմումատուի անուն-ազգանունը, բայց մանրամասնեց, որ ըստ կազմակերպությունների`«Թրանսպարեսնի ինթերնեյշնլ»-ի եւ «Իրավունքի Եվրոպա»-ի հետ կնքված պայմանագրերի, դիտորդական առաքելություն իրականացրած անձինք պետք է վճարվեին ընտրություններից հետ, 15-օրյա ժամկետում:

Մանրամասները` տեսանյութում

Այս հայտարարությունը Գլխավոր դատախազության ներկայացուցիչն արեց`հերքելով նախօրեին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի այն պնդումը, թե իրենք դատախազություն չեն դիմել, քանի որ չեն վստահում այդ կառույցին:

«Տիկին Նաղդալյանն իր կարծիքն է հայտնել…. Լավ չմեկնաբանեմ, բայց սա ընտրակաշառքի մասին հայտարարություն չէ»,-ասաց դատախազության ներկայացուցիչը`պարզաբանելով այն, որ ՍԴ ներկայացված իր դիմումին դաշինքը կցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտնի հարցազրույցն այն մասին, որ ընտրակաշառքը նվիրատվություն է:

«Կիսո՞ւմ եք»,- հարցրեց Լեւոն Զուրաբյանը Կարեն Բիշարյանին: Հարցն անպատասխան մնաց:

Դիմումին կցված է նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը, որում նա չի բացառել, որ ընտրակաշառք հնարավոր է, որ բաժանվել է: Սա էլ իբրեւ հիմք ներկայացնելը, դատախազության ներկայացուցիչը անհեթեթ է համարում:

«Փորձ է արվել ՍԴ ներկայացնել ընտրախախտումների մեծաքանակ կամ ուռճացված պատկեր»,- ասաց նա`հավելելով, որ դաշինքից դիմումներ չստանալն էլ հիմք է տալիս ենթադրել, որ իրենք ոչ թե չեն վստահել Գլխավոր դատախազությանը, այլ իրենք հավատացած չեն եղել իրենց հաղորդագրության իսկության մեջ:

Նա մանրամասնեց, որ դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, ութ դատախազով, թեժ գիծ է գործել, միջգերատեսչական աշխատանքային խումբ էլ է գործել եւ մամուլի հրապարակումների մշտադիտարկում անցկացվել: Ուսումնասիրվել են 541 հրապարակումներ: Դրանց ճնշող մեծամասնությունն, ըստ դատախազության ներկայացուցչի, ընդհանրական բնույթ է կրել, նախընտրական քարոզչության խախտումներին են նվիրված եղել, անորոշ ձեւակերպումներ են պարունակել, ընտրական սենյակների կահավորմանն են վերաբերվել եւ այլն:

309 ահազանգ էլ ոստիկանությունից է ստացվել, դրանք էլ են ուսումնասիրվել:

19 դեպքով քրեական գործ է հարուցվել, 12-ը ընտրակաշառքի դեպքով, երեքը`լրագրողների լիազորությունների իրականացումը խոչընդոտելու: 10 անձի մեղադրանք է առաջադրվել:

Դատախազության ներկայացուցիչը պնդում է, որ ահազանգերից շատերը թյուրիմացություններ են եղել: Դա հետագա հարցումներից է պարզվել:

«Գալան 9\7 տեղամասում բաց քվեարկության մասին լուր է հրապարակել, բայց հենց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչն այդ տեղամասում հերքել`ասելով, որ նման բան չկա»,-ասաց դատախազության ներկայացուցիչը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930