Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին

Ապրիլ 26,2017 18:33

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 26-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան – Արտաշատ ճանապարհահատված, որտեղ ընթացքի մեջ է կամուրջների և ուղեանցերի շինարարությունը:

Ներկայում կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունը միակողմանի փակ է կամ կազմակերպված է շրջանցող ուղիներով:

Նախարարը կանգ  առավ յուրաքանչյուր կամրջի մոտ, ծանոթացավ կատարվող աշխատանքին, ճշգրտեց ժամկետները:

Այնթապ համայնքին հարող կամրջի շինարարներն ասացին, որ առաջիկայում պատրաստվում են բացել փակ երթևեկելի գոտին և աշխատանքները շարունակել` մյուս գոտին փակելով: Նրանք հավաստիացրին, որ աշխատում են առավելագույն արագությամբ. խոստացան մայիսի 25-ին երթևեկությունը բացել, իսկ սեպտեմբերին ավարտել ամբողջ շինարարությունը:

Կապալառուները ժամկետներ խոստացան, իսկ նախարար շեշտեց՝ հնարավորության դեպքում ժամկետից շուտ, բայց ոչ մի օր ուշ: «Երկկողմանի երթևեկությունը պետք է վերականգնել»,- շեշտեց նախարարը:

Բուրաստան համայնքին հարող կամրջի տակ երկկողմանի երթևեկն արդեն վերականգնված է, մյուս շինարարական աշխատանքները կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում:

Աշխատանքի արագությունն ու որակն անշուշտ առաջնային են, բայց առավել կարևոր է երթևեկողների անվտանգությունը: Նախարարը հրահանգեց հետևել բավարար լուսավորության ու զգուշացնող նշանների առկայությանը:

Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաև կառավարության նիստում վարչապետի հնչեցրած նկատողությանը, որ շինհրապարակներում աշխատողներ չեն լինում: Շինարարները հավաստիացրին, որ ներկայում աշխատում են 07:00-ից մինչև 19:00:

Նախարարը նաև աշխատանքային պայմաններով հետաքրքրվեց և առաջարկեց ներկայացնել առկա խոչընդոտները: Շինարարները նշեցին, որ որևէ դժգոհություն չունեն և իրենք էլ շահագրգռված են օր առաջ ավարտելու շինարարությունը:

«Այսօրվա տեմպերից գոհ եմ, շինարարները խոստանում են, որ մինչև մայիսի վերջը 8 կամուրջներից 6-ի տակ երկկողմ երթևեկությունը կբացվի, ըստ տեմպերի ես էլ տեսնում եմ, որ կհասցնեն: Շինարարական բոլոր աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ, բայց շինարարների հետ համաձայնության ենք եկել, որ մինչև սեպտեմբերի վերջն ավարտեն»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը թեև աշխատանքների ընթացքից  գոհ է, բայց շարունակելու է հետևողական լինել: Նա զգուշացրեց բոլոր կապալառուներին` այցերը հաճախակի են լինելու, որակի վերահսկողությունը` մշտական:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930