Երեւանի ավագանու նիստի օրակարգն այսօր արտառոց էր նրանով, որ 25 հարցից 13-ը, կարելի է ասել, բարեգործական էր: Այս օրերին, երբ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն է ընթանում, Երեւանի ավագանին որոշել է միլիոնների հասնող գույքահարկի մասով ինչ-ինչ կազմակերպությունների համար արտոնություններ սահմանել, միանգամից 8-9 բնակարան ու տարածքներ տասնյակ քաղաքացիների անհատույց սեփականաշնորհել:
Ավագանու նշյալ որոշումներն, իհարկե, մարդասիրական են եւ գովասանքի արժանի, սակայն թե ինչո՞ւ է ավագանին նախընտրական այս շրջանն ընտրել բնակիչներին նվիրատվություններ անելու կամ գույքահարկի արտոնություն տալու, եւ արդյոք սա կարելի՞ է դիտարկել ընտրակաշառք, Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ասաց. «Ամսի 21-ից մեկնարկել է քարոզարշավը, եւ այդ ժամանակահատվածում գործողությունները, որոնք իրենց մեջ կրում են արտոնությունների տրամադրում` պարտքի զիջման, գույքահարկի արտոնության տեսքով կամ անհատույց` որեւէ նվիրատվության տեսքով, կարող են մեկնաբանվել, որպես նախընտրական խոստումներ կամ կաշառքներ»:
Տիկին Տիգրանյանի խոսքով, ասվածին կարող են հակադարձել, թե դա որոշում է Երեւանի ավագանին եւ քաղաքապետի որոշումը չէ, բայց, մեր զրուցակցի խոսքով, պետք է հաշվի առնել, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կան գործողություններ, որոնք կարող են երկակի կամ` հենց ճիշտ ուղիղ իմաստով էլ մեկնաբանվել:
«Եթե քաղաքացիներին գույքահարկ տալու կամ բնակարան զիջելու մեծ ցանկություն կար, դա կարող էին անել այլ նիստով, բայց ոչ քարոզչության ժամանակահատվածում: Այս ընթացքում կարող է դիտվել, որպես քարոզչության կանոնների խախտում` այսինքն` քաղաքացիներին տրվում են գույքային արտոնություններ կամ գույք, որը Ընտրական օրենսգրքով արգելված գործողություն է, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նաեւ վարչական զանցանք է համարվում եւ, կարծում եմ, որ այստեղ կամ զգուշացում լինի Երեւանի ավագանուն, կամ քաղաքապետին` ձեռնպահ մնալ հետագայում քարոզչության ժամանակահատվածում նման գործողություններից»:
Հերքինազ Տիգրանյանի խոսքերով, նախադեպը կա 2012-ի ընտրություններից առաջ, երբ կառավարությունը հողի հարկ զիջեց քաղաքացիներին. «Թվում է այդ գործողությունը, որը, այո, Երեւանի ավագանու լիազորությունների մեջ է, եւ նա իրավունք ունի գույք նվիրել, պարտքերը զիջել, բայց ինչո՞ւ է հիմա դա արվում: Ակնհայտ համընկնում է արգելված այդ կանոնների հետ»:
Կարդացեք նաև
Հերիքնազ Տիգրանյանը կարծում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս փաստին պիտի ուշադրություն դարձնի, քանի որ քարոզչության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է:
Երեւանի ավագանին այսօրվա նիստում որոշել էր Էրեբունիում` Նոր Արեշում, 35-րդ փողոցի հ.127/2 եւ հ.127/3 շենքերի բնակելի տարածքները` բնակարանները սեփականության իրավունքով անհատույց օտարել այդ բնակարաններում բնակվող ընտանիքներին:
Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարանը, ավագանու որոշմամբ, կնվիրաբերվի Ֆահրադ Մկրտչյանին եւ Նարինե Կիրակոսյանին։ Նրանք հանդիսանում են 2016 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ զոհված երեւանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքի անդամները:
Բաղյան փողոցի 2 հասցեում գտնվող շինության 1-ին հարկի 133.2 քմ մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով` 3 տարի ժամկետով կտրամադրվի «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությանը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 131 շենքում սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի Խաչիկ Ավագյանին, Անուշ Քուչուկյանին, Մանյա Անտոնյանին, Անուշիկ Ավագյանին, Արթուր Ավագյանին եւ Խաչիկ Զավենի Ավագյանին:
Այգեստան 7-րդ փողոցի թիվ 1 շենքի 21՝ 72.35 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կհատկացվի Էմմա Ալեքսանյանին եւ Ալվարդ Հարությունյանին:
Գ. Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի հ.426/1`14 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նույնպես սեփականության իրավունքով անհատույց կօտարվի Էմմա, Մհեր, Գարեգին, Գոհար Եղոյաններին ու Լուիզա Խաչատրյանին:
Գույքահարկի մասով էլ արտոնություններ կստանան «Հայաստան» մարզական հկ-ն, 5 միլիոն 360.930 դրամի չափով, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» հ/կ-ն`
1 միլիոն 90.957 դրամի, Հայաստանում գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղը` 275.000 դրամ գումարի չափով: «Օրրան» բարեգործական հ/կ-ն՝ 695.000 դրամի եւ այլն:
Ի դեպ, բնակարանները հիմա նվիրաբերելու որոշումը Երեւանի ավագանին հիմնավորում է քաղաքացիների կողմից փաստաթղթերը միայն վերջերս կարգի բերելով ու ներկայացնելով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ