Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մուկուչյանը դեժավյուի զգացումը չունի. նա պնդում է՝ ընտրությունները ՀՀ-ում եղել են առավել քան ազատ, արդար, թափանցիկ

Ապրիլ 26,2017 14:45

«Բարձր դատարան, սիրելի ժողովուրդ, այս պահին ես ունեմ դեժավյուի զգացում: 2012-ին ես ներկայացնում էի հենց այս դահլիճում ՀԱԿ դաշինքի դիմումը Սահմանադրական դատարանում՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցում: Հինգ տարի անց մենք նորից գտնվում ենք այս դահլիճում՝ նույնաբովանդակ հարցում»,- երեկ Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանն այսպես էր սկսել իր ելույթը:

Այսօր լրագրողները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրեցին՝ դուք դեժավյուի զգացում չունե՞ք, նորից այստեղ եք, նույն դահլիճում, նորից նույն հարցով: Պարզվեց՝ նա դեժավյու չի ապրում. «Նման զգացողություն չկա, որովհետեւ մենք այսօր գործ ունենք մի դիմումի հետ, որը որեւէ աղերս չունի երբեւէ ներկայացված որեւէ այլ դիմումի հետ: Հիմնազուրկ, ապացույցներից զուրկ դիմում է»:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը պատրաստվում է նաեւ ՄԻԵԴ դիմել, դուք անհանգստանալու բան չունե՞ք՝ նա պատասխանեց, որ թող դիմեն:

Մեր հարցին՝ երեկ Տիգրան Եգորյանը ընտրախախտումներ նշեց, որ անվճար վառելափայտ են թեկնածուները բաժանել, վարսահարդարման ծառայություններ են եղել, ատամի բուժման եւ այլն, դրանք նույնպե՞ս հիմնազուրկ են՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ դրանք տարբեր կայքերից հավաքած փաստեր էին, որի վերաբերյալ դատախազությունը իր խոսքում կներկայացնի:

Հարցին՝ ԿԸՀ-ի նկատմամբ ինչո՞ւ վստահություն չկա՝ նա պատասխանեց, որ ԿԸՀ-ն այն աստիճան թափանցիկությամբ Ընտրական օրենսգրքին համապատասխան իրականացրեց իր գործառույթները այս ընտրությունների ժամանակ, որ որեւէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ ընտրությունների արդյունքները հենց այն են, ինչ ամրագրված են:

Մեր հարցին՝ Ձեր ելույթում ասացիք, որ հավելվածի որոշ էջեր կրկնվում են, դրանով ի՞նչ եք ուզում ասել, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն ուզում է էջերի քանակն ավելացնել եւ տպավորություն ստեղծել, որ լուրջ փաստարկնե՞ր ունի՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Տպավորությունը դուք կարող եք ինքներդ ձեր համար անել եզրահանգումներ, ես կարող եմ ասել մեկ բան՝ տեսեք ինչ ծավալի նյութ ներկայացվեց ՍԴ, բայց 90 տոկոսից ավելին կրկնվող փաստաթղթեր են, նպատակը ո՞րն է: Օրեր շարունակ խոսվում էր, ասվում էր բազմաթիվ, բազմահազար խախտումների ապացույցների մասին: Բնականաբար, եթե սկզբից որոշում ես, թե ինչ ծավալի պետք է լինեն ապացույցները, իսկ հետո որոշում ես, որ պետք է ապացույցներ հավաքել՝ դրանք լրացնելու համար, իմ տպավորությունն այդպիսին է: Արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվել է»:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ վստահ է՝ ընտրությունները ՀՀ-ում անցել են առավել քան ազատ, արդար եւ թափանցիկ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930