Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունն է:
Այս պահին ելույթ է ունենում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա խոսելով դիմումի մասին, ասաց, որ դատողությունները խիստ սուբյեկտիվ բնույթ են կրում, պատասխանողի կամայական դատողություններն են, հիմնազուրկ են: 38 էջանոց դիմումում 5 էջ դատողություններ են, որեւէ առնչություն չունեն դիմումի քննության հետ, մեջբերումներ են ՄԻԵԴ-ի վճիռներից: Բովանդակային առումով, ըստ Մուկուչյանի, ներկայացված է ընդամենը 25 էջ:
Նա ասաց, որ կան պարբերություններ, որոնք բովանդակային առումով կրկնվում են. «Դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից: Գործ ունենք մի դիմումի հետ, որն ուղղակիորեն հիմնազուրկ է»:
Դիմումի առաջին բաժինը պետական պաշտոն զբաղեցնող անձանց նախընտրական քարոզարշավի մասին է՝ հօգուտ ՀՀԿ-ի: Նա ասաց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց՝ քարոզարշավին մասնակցելը չի կարող ընդունվել՝ որպես Սահմանադրության, Ընտրական օրենսգրքին հակասող, ուստի չի կարող ընկալվել դա՝ որպես ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունեցող հանգամանք: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ներկայացված հավելվածները հիմնազուրկ են, անհասկանալի է, ինչու են կցել, հավելված կա, որտեղից անհասկանալի է, թե որ տեղամասի մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Մուկուչյանը նաեւ ասաց, որ դիմումում սխալներ կան, օրինակ, օգնելու դեպքերը ներկայացված է 600-ից ավելի, մինչդեռ դրանք կազմել են մոտ 400:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դիմումում քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր է նշել: ԿԸՀ նախագահն ասաց՝ գուցե որոշ տեղամասերում կահավորանքը այն չի եղել, գուցե կարելի էր այլ կերպ դնել խցիկը, բայց որեւէ օրինակ չկա, որ խախտվել է գաղտնիության իրավունքը: Ինչ վերաբերում է կուտակումներին, նրա խոսքերով՝ ոչ մի փաստարկ, ոչ մի հիմնավորում, ոչ մի վերլուծություն: Քվեաթերթիկների ներս, դուրս բերում բաժնում հավելվածի էջերից երեքը կրկնվում են:
Ուշագրավ է, որ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ անգամ եթե ինչ-որ քվեաթերթիկներ ներս ու դուրս են տարել, դա դեռ չի նշանակում, որ օրինախախտում է եղել, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե դրանք ինչ քվեաթերթիկներ են եղել՝ ընտրողների կողմից չօգտագործվա՞ծ, թե՞ այլ. «Մենք կարծում ենք, որ դուրս հանելը որեւէ խնդիր չի հարուցել»: Ըստ նրա, նոր ընտրակարգ է, կարող է պատահել, որ ընտրողը քվեախցիկից դուրս գալիս իր հետ մնացած քվեաթերթիկները դուրս հանի՝ առանց իմանալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ