Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը գլխավոր դատախազի հետ հեռախոսազրույց է ունեցել եւ խոստացել փաստեր տալ, բայց չի վստահել

Ապրիլ 26,2017 13:26

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:

Պարզվեց՝ դաշինքի փաստաբան Տիգրան Եգորյանը չի եկել, գնացել է նոր սկավառակ բերելու, որը պետք է կցվի գործին: Փաստաբան Վահե Գրիգորյայնն ասաց, որ երեկ դատարանին են հանձնել ձայնագրություն, որն ամբողջական չի ձայնագրվել, ուստի նոր հավելում ունեն գործի նյութերին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դժգոհեց եւ ասաց, որ սա արդեն ձեռագիր է՝ գործերը հանձնելու ժամանակ ասում եք՝ նյութեր ենք մոռացել, 7.30 կբերենք, հետո գործերը հանձնում եք, ասում եք՝ նյութեր ենք մոռացել, կավելացնենք:

Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը հարցեր ուղղեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներին:

Նա հարցրեց՝ ապրիլի 2-ին ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քանի՞ հաղորդում եք ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին:

Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ որեւէ դիմում, որեւէ հաղորդում չեն ներկայացվել: Դրանք հրապարակվել են դիտորդների կայքով, հրապարակվել են մամուլով:

Նա հարցրեց՝ «պարոն Զուրաբյանը գլխավոր դատախազի հետ հեռախոսազրույց է ունեցել, հայտնել է, որ փաստեր են հավաքել՝ կապված ԱԺ ընտրությունների ընթացքում առերեւույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել հաղորդում ներկայացնել, մինչ օրս չենք ստացել հաղորդում»:

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Պատճառն այն անվստահությունն է, որ մենք ունենք ձեր ամբողջ համակարգի նկատմամբ: Հանրաքվեից հետո մենք ամեն օր հաղորդումներ էինք ներկայացնում, բայց մենք տեսանք, որ իրավապահ մարմինները, դատախազությունը պարտակեցին այդ բոլոր հանցագործություններով: Ովքեր դատապարտվեցին էլ՝ այդ ծանր հանցագործությունների համար մի օր բանտում չանցկացրեցին: Մենք տեսանք, որ դատախազությունը կատարում է ՀՀԿ-ի հրամանները եւ պարտակում է հանցագործությունը»:

Կարեն Բիշարյանն ասաց, որ Սահմանադրական հանրաքվեի ընթացքում, մինչ սկսելը գրավոր հանցագործության մասին հաղորդում առաջին անգամ ձեզանից ենք ստացել եւ շատ օպերատիվ ընթացք է տրվել, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ սահմանված կարգով ընթացք չի տրվել եւ դուք ունեք անվստահություն ՀՀ դատախազության հանդեպ:

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես չասացի՝ սահմանված կարգով ընթացք չի տրվել, ասացի՝ իրավապահ մարմինները, դատախազությունը պարտակեցին այն բոլոր հանցագործությունները, որ կատարվեցին, դրանք 10-20 դեպք չի, հարյուրավոր փաստեր էին, որոնք անհերքելիորեն ապացուցում էին ընտրությունները կեղծելը, բայց որեւէ մեկը չպատժվեց»:

Կարեն Բիշարյանը եւս մեկ հարց ուղղեց՝ դիմումում նկարագրված են իբրեւ ընտրական հանցագործությունների տասնյակ դեպքեր: Դիմում է ներկայացվել բարձր դատարան, որեւէ նվազագույն միջոց ձեռնարկե՞լ եք դրանց հավաստիությունը ստուգելու: Ընտրատեղամասի դեպքեր են նկարագրված, իսկությունը փորձե՞լ եք ճշտել:

Եգորյանը պատասխանեց՝ «Մենք չենք տիրապետում օպերատիվ հետախուզական միջոցների: Մենք այդ առումով թերացել ենք: Մենք պետական գործառույթներ չունենք»:

Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ դիմումում ներկայացված փաստերը, բացի մամուլի հրապարակումներից, հիմնականում իրենց դաշինքի կողմից արձանագրված փաստերն են, նաեւ դիտորդական կազմակերպությունների: Ինչ վերաբերում է այն փաստերին, որոնք քաղհասարակության կողմից են հավաքվել, իրենք այդ փաստերի վերաբերյալ ստուգում չեն կատարել. «Եթե դուք ձեր սեփական աչքերով տեսագրության մեջ տեսնում եք, որ կա օրենքի խախտում եւ այդ տեղամասից ինչ-որ մեկն ասում է՝ չի եղել նման բան, ինձ հետաքրքիր է, դուք ինչի՞ն կհավատաք: Եկեք միասին ճշտենք, քննենք՝ տեսաժապավե՞նն է ճիշտը, թե՞…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930