Մայիսի 1-5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են Արցախի սահմանի մոտակայքում զորավարժություններ անցկացնել։ Որքանո՞վ է սա մտահոգիչ մեզ համար, եւ ի՚՞նչ սպասել այս զորավարժություններից, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ։
– Պարոն Բալայան, մայիսի 1-5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու։ Այս փաստը որքանո՞վ է մտահոգիչ մեզ համար։
– Վերջին տարիներին դա առաջինը եւ վերջինը չէ։ Իհարկե, ամեն մի մեծաքանակ զորախմբերի տեղաշարժ միշտ էլ անհանգստություն է առաջացնում, բայց մեր համապատասխան զորամիավորումները պատրաստ են նաեւ անակնկալների, որովհետեւ, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը եւ ինչպես նաեւ նրան հովանավորող Թուրքիան տարիներ շարունակ արցախյան հիմնահարցը զենքի ուժով լուծելու գաղափարին են անընդհատ դավանել եւ այս տեսանկյունից Արցախի պաշտպանության բանակը պատրաստ է, մանավանդ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո բավականին մեծածավալ աշխատանքներ է կատարվել, որպեսզի դիմակայվի հակառակորդի՝ նման սադրանքներին, ոտնձգություններին։
Եթե լսել եք՝ այս վերջին ժամանակներս ոչ միայն Ադրբեջանի նախագահը, այլեւ նրանց պաշտպանության նախարարը՝ Զաքիր Հասանովը, ամպագոռգոռ հայտարարություններ են արել, որ մենք պատրաստ ենք զինված ճանապարհով հարցը լուծել, բայց սա մեզ համար նոր բան չէ, ուղղակի մնում է մեր բանակի զգոնությունն ավելի բարձրացնել եւ ընդհանուր առմամբ ժողովրդի բարոյահոգեբանական մակարդակը բարձր պահելու միջոցով հասարակությանը միշտ պատրաստ պահել անակնկալ զարգացումներին։
Կարդացեք նաև
– Հնարավո՞ր եք համարում, որ այդ շրջանում սահմանին ավելի սրվի լարվածությունը։
– Դե, գիտեք, իհարկե, ինչքանով ես տեղյակ եմ՝ շուրջ 30 հազար զինծառայողներ են մասնակցելու, դա բավականին մեծ թիվ է, եւ մեր զինվորականությունը համարժեք քայլեր է ձեռնարկում։ Իհարկե, լարվածությունը կա, եւ չնայած մենք ասում ենք, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցավ նոր պատերազմ, բայց, ըստ էության, 2014 թվականի օգոստոսից այդ պատերազմը կա, եթե տանկը կրակում է, հրանոթից կրակում են, կամ անընդհատ դիվերսիոն հարձակումներ, կամ ուժերի անընդհատ տեղաշարժեր են լինում, բնականաբար, սա պատերազմ է, պարզապես մարտի վարման մեթոդոլոգիան է փոխված։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում