Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միայն ադրբեջանական խնձորն էր պակասում. «Հայոց Աշխարհ»

Ապրիլ 26,2017 11:29

«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր՝ զըռթ մարալոն»,- թերեւս այս արտահայտությամբ կարելի է արձագանքել այն տեղեկություններին, որ Երեւանի խանութներում ադրբեջանական խնձոր է վաճառվում:

Արդեն երկու-երեք օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի հրապարակած լուսանկարներն ու խանութների անվանումների, հասցեների նշումով տեղեկությունները ակտիվորեն քննարկվում ու տարածվում են, սակայն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ), ինչպես ասվում է, ձեն-ձուն չկա: Սա, մեղմ ասած, տարօրինակ իրավիճակ է:

Տարօրինակ է թեկուզ այն պատճառով, որ երբ էլի օրերս տեղեկություն տարածվեց, որ սուպերմարկետներից մեկում Արցախում աճեցված բրինձ է վաճառվում, նույն ՍԱՊԾ-ի արձագանքը գրեթե կայծակնային էր:

Հայրենական արտադրության բրնձի պատմությունից հանրությունը տեղեկացավ, որ խոսքն ընդամենը 28 կիլոգրամ գյուղմթերքի մասին է, փաթեթավորման տուփի վրա ինչ-որ տառ այնպես չի խփված։ Ու այդ ահռելի խմբաքանակի իրացումն արգելակելու հարց մեջտեղ եկավ: Անգամ մեկ լրիվ պարկ չկշռող արցախյան բրինձը կոկոս դարձավ, մի աղմկոտ պատմություն:

Դե, իսկ ադրբեջանական արտադրության խնձորը հանգի՜ստ կարելի է վաճառել Հայաստանի մայրաքաղաքում:

Այն, որ երեւանյան մի շարք խանութներում ադրբեջանական կամ Ադրբեջանում աճեցված խնձոր է վաճառվում, առաջիններից մեկը ահազանգեց մեր համաքաղաքացի Հրաչուհի Բարսեղյանը: Հետո հանրային ու հրապարակային հարթակներում մեծ աղմուկ բարձրացավ:

Ամենից առաջ հարց է ծագում, թե ի՞նչ ծավալի խմբաքանակ է ներկրվել: Դատելով այն փաստերից, որ ադրբեջանական խնձոր հայտնաբերվել է մի շարք խանութներում, խոսքը ոչ փոքր խմբաքանակի մասին է: Ինչքանո՞վ «ոչ փոքր», թերեւս միայն խորհրդավոր ներկրողն ու ՊԵԿ-ը կիմանան:

Ինչպե՞ս է այդ խմբաքանակը ներկրվել եւ որտեղի՞ց: Չի բացառվում, օրինակ, որ ադրբեջանական խնձորի խմբաքանակը մաքսանենգ եղանակով ներկրված լինի: Չնայած այդ դեպքում այն երեւի կիրացնեին «գյուղատնտեսական շուկաների» միջոցով:
Քանի որ խանութներում, այդ թվում՝ սուպերմարկետներից մեկում է նաեւ իրացվել, կարելի է ենթադրել, որ խմբաքանակը մաքսանենգորեն չի ներկրվել, այլ միանգամայն օրինական կարգով: Հնարավոր է, որ ադրբեջանական խնձոր ներկրողը ձեռք է բերել երրորդ երկրում (Վրաստան, Ռուսաստան) եւ այնտեղից բերել:
Վերջիվերջո Հայաստանը որեւէ տնտեսական պատժամիջոց կամ արգելանք չի կիրառում Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, իսկ այդ երկրների արտադրության ապրանքների ազատ առեւտրային շրջանառությունը մեր ներքին շուկայում որեւէ օրենքով կամ այլ նորմատիվ ակտով արգելված չէ:

Այս դեպքում էլի են հարցեր ծագում. մաքսային սահմանի վրա այդ խնձորի խմբաքանակը ստուգվե՞լ է, այդ ապրանքը, որ սննդամթերք է, համապատասխան լաբորատոր հետազոտության ենթարկվե՞լ է:

Սրանք հարցեր են, որոնք պատասխանի են սպասում:

 

Արմեն Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930