Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի երկու կայարանի կառուցման համար անհրաժեշտ է 250 մլն դոլար, մեկի համար՝ 120-130 մլն դոլար. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 26,2017 11:20

Հարցազրույց Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ, ավագանու թեկնածու ՆԱՐԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ

-Ասվում է, թե այս քարոզարշավին ՀՀԿ-ն դուրս է եկել ավելի քիչ թիմակիցներով ու նկատելիորեն պասիվ է. այդպե՞ս է:

-Ամենեւին, պասիվություն չկա, ճիշտ հակառակն է: Հանրապետականը քարոզարշավի է դուրս եկել շատ ավելի վստահ, քանի որ մենք երեւանցիներին ներկայացնելու շատ աշխատանքներ ունենք: Ու դա է մեզ վստահություն ներշնչում: Բացի մեր կատարած աշխատանքները ներկայացնելուց, երեւանացիներն էլ տեսնում են, չէ՞, թե այս տարիներին որքան գործ է արվել։ Անզեն աչքով էլ դա տեսանելի է:

Մենք արդեն եղել ենք քաղաքի երեք վարչական շրջաններում՝ Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Էրեբունիում: Երեւանցիների հետ մեր շփումները հետաքրքիր ու բովանդակալից են անցնում: Իհարկե մեզ ուղղվում են նաեւ տարբեր հարցեր, դեռեւս կան դժգոհություններ «Սանիտեքի» աշխատանքից, վերելակների վիճակից, նաեւ տրանսպորտից, տրվում են առողջապահական ու մանկապարտեզների հետ կապված հարցեր, մասնավորաբար դժգոհում են հերթագրումից:

-Անդրադառնանք ընդդիմադիրների խոստումներին. «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չի դադարում հայտարարել, թե քաղաքապետ ընտրվելու դեպքում 5 տարում Աջափնյակ վարչական շրջանում կկառուցի մետրոպոլիտենի եւս մեկ կայարան։ Իրատեսական համարո՞ւմ եք այս խոստումը:

-Իհարկե՝ ոչ: Դեռ ԽՍՀՄ տարիներին նախատեսված էր, որ Աջափնյակ տանող ուղղությունը պետք է ունենա երկու կայարան՝ մեկը Հանրապետական հիվանդանոցին կից, մյուսը՝ Չավուշի հրապարակին: Բաղրամյան-Աջափնյակ ճյուղի կառուցումը սկսվեց այդ տարիներին, բայց կառուցվեց ընդամենը 2 կիլոմետրանոց թունելային հանգույց, աշխատանքներն ընդհատվեցին ԽՍՀՄ փլուզմամբ ու այլեւս չվերսկսվեցին միջոցների սղության պատճառով:

Աշխատանքի զգալի մասն արված չէ, մասնագետների կողմից հաշվարկված է՝ երկու կայարանի կառուցման համար անհրաժեշտ է 250 մլն դոլար, մեկի համար՝ 120-130 մլն դոլար:

-Մինչդեռ ձեր ընդդիմախոսները հակադարձում են՝ 20-30 միլիոնը բավարար կլինի մեկ կայարան կառուցելու համար:

-Ասելով չէ, կան մասնագիտական նախահաշվարկներ, կա ծրագիր: Սխալ է նման պնդում անելը: Տեղանքի բարդությունը պետք է հաշվի առնել, Երեւանը կառուցված է բազալտի հաստ շերտերի վրա, մեկ թունել փորելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ:

Բայց, դրանով հանդերձ, մետրոյի նոր կայարանների կառուցումը մշտապես եղել է եւ կլինի Երեւանի զարգացման ծրագրերում: Տարոն Մարգարյանը եւս մեծ ցանկություն է ունեցել վերսկսել մետրոպոլիտենի կառուցման աշխատանքները, այժմ էլ նախահաշվարկային փաթեթը դրված է քաղաքապետի սեղանին: Սակայն իրավիճակը սթափ գնահատելով, վերլուծելով ֆինանսական սուղ պայմանները՝ քաղաքապետը համարեց, որ Երեւանի համար կան առաջնահերթ լուծում պահանջող այլ հարցեր, եւ միայն առաջնային հարցերի լուծումից հետո կարելի է խոսել մեծ ծախսեր պահանջող մետրոպոլիտենի շինարարության մասին:

Իսկ առաջնահերթությունների մեջ, նախ, վերգետնյա հանրային տրանսպորտային ցանցի բարելավումն է: Քանի դեռ այն չունենք, որքանո՞վ է նպատակահարմար հսկայական գումարներ ուղղել Աջափնյակ համայնքի մետրոպոլիտենի կառուցմանը, որից հիմնականում կօգտվի այդ վարչատարածքի բնակչությունը:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930