Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է պետք «էս երկրին»

Ապրիլ 26,2017 10:13

Կարծում եմ՝ շատերի համար ակնհայտ է, եւ անցած խորհրդարանական ընտրությունները դա ապացուցեցին, որ մեր քաղաքական լիդերները շատ քիչ են մտածում նույնիսկ այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ «նախընտրական դատողություններ» են անում: Անգամ տնտեսական հարցերի մեջ չխորացած մարդը, եթե 2-3 րոպե «գլխին զոռ տա», կհասկանա, որ «ծանոթ շեյխ գտնեմ, նա ներդրում կանի», կամ «Նաիրիտը խոդի տանք» տիպի արտահայտությունները պարզապես օդի տատանում են: Կամ՝ այս, ավագանու ընտրարշավում մեկն առաջարկում է հետեւյալ կերպ լուծել Երեւանի տրանսպորտի խնդիրը՝ ավելացնել մետրոյի վագոնների թիվը: Էլ ո՞ւր մնացին ավելի բարդ՝ անվտանգության, պետական կառավարման, աշխարհաքաղաքական խնդիրները:

Ես մեր լիդերներին չեմ մեղադրում՝ նրանք հաստատ Թրամփից հիմար չեն: Պարզապես կայացած երկրներում կա նաեւ կայացած մտավոր վերնախավ, որն, ի վերջո, ուղղորդում է քաղաքական գործիչներին: Այդ վերնախավը հենց այնպես չի «ծլի», այն պետք է դաստիարակվի, նաեւ՝ ինքնադաստիարակվի: Երբ Արմեն Աշոտյանը հրավիրեց Առաջին նախագահին դասախոսություններ կարդալու ՀՀԿ քաղաքական դպրոցում, դա ընկալվեց որպես կատակ: Բայց աշխարհում ընդունված պրակտիկա է. փորձ ունեցող, բայց թոշակի գնացած գործիչները, այդ թվում առաջին դեմքերը հովանավորում են լուրջ վերլուծական կենտրոններ, դասախոսություններ են կարդում համալսարաններում: Մեզանում ամեն ինչ առայժմ գավառական նեղվածությունների մակարդակին է:

Այստեղից էլ քննարկումների ահավոր ցածր մտավոր մակարդակը: Բերեմ մի օրինակ: Ես փորձում եմ ինչ-որ հասարակական խնդրի շուրջ իմ (ճիշտ թե սխալ) մտքերը ձեւակերպել: Բայց այդ տեսակետի շուրջ որեւէ քննարկում չի ծավալվում: Ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունը մոտավորապես հետեւյալն է. «էս երկրին, էս ժողովրդին պետք է էս երկիրը, էս ժողովրդին սիրող, նրա մասին հոգ տանող իշխանություն, մնացածը սաղ սուտ է»: Այդ պարզունակ, սնամեջ եւ կասեի անգամ՝ «լալահառաչ» եզրահանգմանը գալիս են ոչ միայն տաքսու վարորդները կամ կանաչի ծախողները, այլեւ մարդիկ, որոնք հավակնում են հանդես գալ որպես «խորիմաստ մեկնաբաններ»:

Քանի վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների մտավոր մակարդակը սա է, քանի նրանք բոլորի հետ միասին սպասում են «ազգասեր, հայրենասեր եւ հոգատար իշխանության», դժվար է ակնկալել այլ արդյունք, քան այն, որը մենք ունենք:
Ինքնին հարցը՝ թե ինչ իշխանություն է պետք «էս երկրին», սխալ է ու անիմաստ. իշխանությունը տեխնիկական կատեգորիա, ֆունկցիա է, ոչ թե լավ կամ վատ «պապաների» խումբ: Հակադրվելով «խորիմաստ վերլուծաբաններին», կրկնեմ՝ մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. samvel says:

    Ես Ձեզ հետ համաձայն եմ, բայց ինչպե՞ս ձևավորել այդ մտավոր վերնախավը, ահա սա է խնդիրը: Ես այդ մասին շատ եմ խորհել, բայց լուծումը այդպես էլ դեռ չեմ գտել:

  2. Խաչիկ says:

    Համաձայն եմ, բայց ով կը ձեւավորի էդ մտաւոր վերնախաւը ու ընդհանրապէս էդ քաղաքական մշակոյթը, եթէ ոչ նոյնինքն իշխանութիւնը: Ու այդ դէպքում, միթէ նախապայման չէ՞ «ազգասեր, հայրենասեր եւ հոգատար» իշխանութիւն ունենալը:

  3. Լավատես says:

    Էդ Հեռավոր Արեւմուտքի ամենահզոր երկրի այսօրվա նախագահը իր սիրած հաջողակ գործը թողած գնաց մտավ էդ կեղտոտ, անբարոյական ու անշնորհակալ քաղաքականության մեջ, հենց սա էլ մտավորականության հայրենասիրության դրսեւորում է՝ սա առաջին անհրաժեշտ հատկանիշը, իրեն շրջապատել է տաղանդավոր ու իր նման հաջողակ ու հայրենասեր մասնագետներով ու նրանց կարծիքը լսել, հասկանալ ու ենթարկվել գիտի՝ սա էլ երկրորդ հատկանիշը, կարճ ասած՝ պետք է հավաքվեն բարձր մակարդակի մարդիկ ու գործ անեն ու սովորեն մեր այսօրվա իշխանություններից, որոնց միակ թերությունը մակարդակի ցածր լինելն է, դե էրկու էրնեկ մի տեղ չի լինում:

    • Հ.Շ. says:

      Ես ել նախապէս շատ դրական կարծիք ունէի Թրամփի մասին: Դժբախտաբար, սխալած եմ, լիովին. ցաւագինօրէնյուսախաբ եւ հիասթափուած: Մօտից հետեւում եմ կացութեան, կատարեալ յիմար մը դուրս ելաւ: Անատակ, անկարող, ստախօս, անխելք, բնաւորութեան խոր ու ծանր թերութիւններու տէր: Շրջապատն ալ իր նման է, քանզի արագօրէն իրմէ ու իշխանութեան ոլորտից հեռացնում է բոլոր անոնք որոնք իր նման չեն: Աստուած օգնէ իր երկրին եւ մնացեալ աշխարհին:

  4. Ruben says:

    Հետաքրքիր է, երբ ՀՀկուսակցությունը իր տեղը զիջի մի այլ կուսակցությոան, ինչո՞վ պետք է զբաղվի ՀՀԿ-ի մտավոր վերնախավի բուծարան՝ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական (պարտյական) դպրոցը:

    Планы партии – планы народа!
    Жить стало лучше, жить стало веселее!
    Партия – это ум, честь и совесть нашей эпохи!
    Искусство принадлежит народу!
    Партия – наш рулевой!
    От каждого по способностям – каждому по труду!
    Народ и армия едины!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930