Լրահոս
Օրվա լրահոսը

Նրան այդպես էլ չի հաջողվում ինքնասպան լինել

Ապրիլ 26,2017 12:30

Մոնոներկայացման պրեմիերա՝ Համազգային թատրոնում

Ապրիլի 20-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում պրեմիերա էր՝ իտալացի ամուսիններ Դարիո Ֆոյի եւ Ֆրանքա Ռամեի «Սովորական օր» տրագիկոմեդիան՝ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրությամբ եւ թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանի ինքնատիպ դերակատարմամբ։ Բեմադրության նկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո։ Ներկայացումը մեկ օր է մի կնոջ կյանքից, ով գտնվում է ինքնասպանության շեմին։ Տարօրինակ, երբեմն զավեշտալի հանգամանքները հաջորդում են միմյանց՝ անընդմեջ խանգարելով կնոջ մտադրության իրականացմանը։
Պիեսի թարգմանիչ եւ բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանը հետաքրքրված է իտալացի դրամատուրգի ստեղծագործություններով եւ արդեն երկրորդ անգամ է բեմադրում նրա գործերից. «Դարիո Ֆոն իր առանձնահատուկ ձեռագրով ինձ վաղուց է գրավել։ Նրա ստեղծագործությունները բեմադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս գործն ընտրել եմ նախ եւ առաջ այն պատճառով, թե ինչպես է հեղինակը հետաքրքիր լուծումներով համոզում կամ ստիպում իր հերոսուհուն հրաժարվել ինքնասպանության հրեշային մտքից»։

«Սովորական օր» տրագիկոմեդիայի հեղինակ-ամուսիններ Դարիո Ֆոն եւ Ֆրանքա Ռամեն, որոնք արդեն ողջ չեն, գրեթե միշտ հանդես են եկել որպես այս կամ այն գործի համահեղինակներ։ Ռամեն եղել է ամուսնու հիմնած թատրոնի առաջին դերասանուհին եւ հավաքել է իրենց ստեղծագործական աշխատանքի հետ կապված համատեղ արխիվը, որը հետագայում ճանաչվել է մեծ հետաքրքրություն ներկայացնող մշակութային ժառանգություն: Իտալացի հայտնի դրամատուրգ Դարիո Ֆոն հայտնի է նաեւ որպես ռեժիսոր, նկարիչ, հասարակական գործիչ։ Դարիո Ֆոն Նոբելյան մրցանակի է արժանացել 1997 թ.-ին՝ իր դերասանուհի կնոջ՝ Ֆրանքա Ռամեի հետ միասին։ Մահացել է մի քանի ամիս առաջ՝ 90 տարեկանում։ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի խոսքով՝ Ֆոյի հեռանալով երկիրը կորցրել է մշակութային կյանքի խոշորագույն դեմքի:

«Նրա որոնումները թատրոնում, նրա ստեղծած արվեստը իտալական մեծ ժառանգության մասնիկն են»,- գրել է Իտալիայի վարչապետը։ Դարիո Ֆոն կյանքից հեռացավ՝ համաշխարհային արվեստ պատմության մեջ մնալով իբրեւ 20-րդ դարի իտալական մշակույթի կարեւոր երեւույթներից մեկը։ Նա ստեղծել է սեփական թատերական ժանրը, որը սկզբնավորվում է միջնադարյան հրապարակային ներկայացումից: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում ներկայացվող նրանց «Սովորական օր»-ն այն գործերից է, որն աղերսներ չունի միջնադարյան արվեստի հետ։ Բարձրացվում են խնդիրներ, որոնք արդիական են, համամարդկային եւ կարող են առնչվել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած յուրաքանչյուրին։

Մոնոներկայացման դերակատարուհին՝ Տաթեւ Ղազարյանը չի արդարացնում իր հերոսուհու ինքնասպանություն գործելու մտադրությունը, սակայն բեմում շատ համոզիչ ներկայացնում է այն պատճառները, որոնք կնոջը կարող են կանգնեցնել ինքնասպանության շեմին. «Իմ հերոսուհին, որին մարմնավորում եմ, կորցրել է ապրելու ցանկությունը եւ պատճառը միայն ամուսնու կողմից լքված լինելը չէ, նրա բոլոր երազանքները փշրված են, նույնիսկ իր աշխատանքում հետաքրքրություն չի գտնում։ Ինձ համար դժվար է մարմնավորել այս կերպարը, որովհետեւ ինքս հուսահատվել չեմ սիրում, լավատես մարդ եմ»։

«Սովորական օր» վերնագրված, բայց արտասովոր դեպքերի ընթացքով մոնոներկայացման կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ թեեւ բեմում գործող անձը մեկն է, սակայն իրավիճակների հետաքրքիր, հումորով համեմված հանգուցալուծումները հանդիսատեսին ստիպում են մխրճվել ներկայացման մեջ եւ մտորել, նյարդայնանալ կամ ծիծաղել դերակատարուհու հետ միասին։ Սա Տաթեւ Ղազարյանի առաջին մոնոներկայացումն է, խոստովանում է, որ ամբողջ ներկայացման ընթացքում բեմում մենակ լինելը, իհարկե, բարդ է, երբ հանդիսատեսի ուշադրությունը սեւեռված է միայն մեկ անձի ուղղությամբ, ոչ թաքնվելու, ոչ էլ սխալվելու ոչ մի հնար չկա։ Իսկ բեմադրության ռեժիսորն ասում է, որ այս գործն ընտրել է հենց Տաթեւ Ղազարյանի հետ աշխատելու, նրա դերասանական տաղանդը ներկայացնելու համար։ Հատկապես, որ գործի հեղինակ Դարիո Ֆոյի հիմնադրած թատերական մենախոսությունների առանձնահատուկ եղանակը հանդիսատեսին կարծես դարձնում է բեմում կատարվող դեպքերի մասնակիցը։

«Այս կնոջը թվում է, թե միայն ինքն ունի այն խնդիրները, որոնք դրդում են ինքնասպանության, բայց երբ նրա ինքնասպանության փորձը մի քանի անգամ խախատում է հեռախոսազանգը եւ կինը պարզում է, որ ինքը միակ հուսահատ ու դեպրեսիայի մեջ գտնվողը չի, կարծես մոռանում է իր մտադրության մասին ու սկսում օգնել իրենց զանգահարած մեկ այլ կնոջ», -ինքնասպանության հանգուցալուծումն այսպես է ներկայացնում բեմադրող ռեժիսորը։

«Սովորական օր» ներկայացման հերոսի եւ դերակատարուհու՝ իմ ընդհանրությունն այն է, որ երկուսս էլ կարողանում ենք ամենադժվար իրավիճակում անգամ գտնել ցանկացած խնդրի լուծման լավագույն տարբերակը՝ չկորցնելով կյանքի նկատմամբ հետաքրքրությունն ու լավատեսությունը»,-ավելացնում է Տաթեւ Ղազարյանը։
«Սովորական օր»-ը կներկայացվի ապրիլի 29-ից մայիսի 3-ը կայանալիք մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին։

 

ՆԱՐԱ ԵՓՐԵՄՅԱՆ

«Առավոտ»

25,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930