Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայում մտածողության փոփոխություն չէր լինի, եթե պետության կողմից չխրախուսվեր

Ապրիլ 26,2017 12:00

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը Ստամբուլի
«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ

– Պարոն Գոչունյան, որքան էլ ընդունված չէ խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով, այն պատճառով, որ Թուրքիան Հայաստան-Թուրքիա արձանագրությունները մի կողմ դրեց, ԼՂ խնդիրը առաջին պլան բերեց, ինչի արդյունքում գործընթացն ուղղակի կանգ առավ, այնուամենայնիվ, չեմ կարող չհարցնել. հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանն անկանխատեսելի գործիչ է, հնարավո՞ր եք համարում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ինչ-որ տեղաշարժեր` Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո:

– Տրամաբանորեն, այժմյան գործոնները հաշվի առնելով, չենք կարող լավատես լինել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման ապագայի համար, ե՛ւ Անկարայից, ե՛ւ Երեւանից հնչող հայտարարություններն այդ ուղղությամբ ազդանշաններ այս պահին չեն տալիս: Բայց մյուս կողմից, իհարկե, ուրիշ գործոն կա` եթե մենք այդ նվազ հնարավորությունների միջավայրի մեջ պետք է լավատեսության հիմքեր փնտրենք:
Երկու երկրներում էլ կան բավական պինդ իշխանություններ. ե՛ւ հանրաքվեի արդյունքում Թուրքիայում նախագահ Էրդողանը, ե՛ւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Սարգսյանը ամուր հիմքեր ունեն, ունեն բավարար ժողովրդական հենարաններ արտաքին քաղաքականության մեջ, այսպես կոչված` տաբու խնդիրների պարագայում արմատական քայլերի դիմելու համար: Հիմա նրանք իրենց ունեցած ռեզերվներն այս խնդրի ուղղությամբ կցանկանան օգտագործել, թե ոչ՝ այլ հարց է:
Մայիսի վերջին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) հիմնադրման 25-ամյակը պետք է նշվի, հոբելյանական գագաթնաժողովն է նախատեսված Ստամբուլում` նախագահ Էրդողանի հյուրընկալությամբ: Ընդհանրապես, ՍԾՏՀԿ-ն այն հարթակն է, որտեղ Թուրքիա-Հայաստան շփումներ են լինում: Նախագահ Էրդողանը կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարներին հրավերներ է ուղարկում, հիմա չգիտեմ` այս մթնոլորտում նախագահ Սարգսյանը կընդառաջի՞ այդ հրավերին:

– Բայց եղե՞լ է հրավեր Թուրքիայի նախագահի կողմից ՀՀ նախագահին:

– Չգիտեմ, կամ եղել է, կամ ընթացքի մեջ է: Ընդհանրապես գագաթնաժողովին պետությունների կառավարությունների ղեկավարները կամ պետությունների առաջնորդներն են ընդառաջում: Հայաստանն ու Թուրքիան սովորաբար բաց չեն թողնում ՍԾՏՀԿ գագաթնաժողովների հարթակները: Հայաստան-Թուրքիա` առիթ ձեւավորելու այդ հարթակը հնարավոր է եղել մինչ այժմ, եւ եթե առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում մի որեւէ շփում լինի, կամ մթնոլորտի փոփոխության մի որեւէ առիթ լինի, իհարկե, դա այնքան էլ հավանական չէ, բայց եթե ցանկանում ենք լավատես լինել` հիմա այդպիսի մի հանգրվան կա: Թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում նոր իշխանություններ են` վերջերս երկու երկրներում էլ անցկացված ընտրությունների արդյունքում Հայաստանում էլ, Թուրքիայում էլ անցումային շրջաններ են` կառավարման համակարգի փոփոխություններով: Չգիտեմ, թե ՀՀ իշխանություններն ինչ որոշում կկայացնեն, ինչ մակարդակով մասնակցություն կունենան այդ գագաթնաժողովին: Մի անգամ Հայաստանն, օրինակ, փոխնախարարի մակարդակով էր մասնակցել, դա ձեւական մասնակցություն էր:
Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները երբ ստորագրվեցին` Բարաք Օբաման նոր էր նախագահ դարձել: Նրա նախընտրական խոստումներից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն էր, եւ այդ ֆոնի վրա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում ապրիլի 24-ի նախօրեին նա փորձել էր աշխուժություն մտցնել, այդ գործոնը որոշակիորեն նպաստեց արձանագրությունների ստորագրմանը: Հիմա ԱՄՆ-ում նոր վարչակազմ է, սակայն այս անգամ ոչ ընտրություններում հաղթանակած Թրամփը, ոչ ընտրություններում ձախողած Հիլարի Քլինթոնն իրենց նախընտրական խոստումներում այդ հարցին չանդրադարձան:

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մեդալի մի երեսին գործընթացը վաղուց հասունացած է, բայց մեդալի մյուս երեսին դեռ երկար պետք է համբերել, որպեսզի այդ պահը հասնի: Հակասական իրավիճակ է, տրամաբանական ոչ մի հիմք գոյություն չունի երկու հարեւան երկրների այս անհաղորդ վիճակը` փակ սահմաններով: Տարածաշրջանային եւ երկկողմանի մակարդակով կարող էին այնքան լուրջ շահեր առաջնային լինել, բայց իրարամերժ, հակասական գործոններն են մնում սեղանի վրա: Սպասենք, տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն: Շատ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, բայց, համենայնդեպս, պետք է սպասել: Իմ կարծիքով՝ ՍԾՏՀԿ գագաթնաժողովը չի կարելի անուշադրության մատնել:

– Իսկ Հայոց ցեղասպանության հարցում` Թուրքիայում հասարակական մակարդակում Դուք փոփոխություններ նկատո՞ւմ եք: Շատ է խոսվում, որ մարդիկ Թուրքիայում արդեն ավելի ազատ են խոսում Հայոց ցեղասպանության մասին, քննարկում են:

– Հասարակական մակարդակն, իհարկե, իր հերթին շատ կարեւոր է: Բայց Թուրքիայում վերջին տարիներին պետական մակարդակում ենք փոփոխություններ նկատում: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցից սկսած` Թուրքիայի վարչապետի կամ նախագահի մակարդակով ապրիլի 24-ին հրապարակվեցին ուղերձներ: Դա ինքնին կարեւոր փաստ է: Որքան էլ Թուրքիան իր որդեգրած քաղաքականությունն է այդ ուղերձներում շարադրում, եւ բնական է, որ իր շահերով է առաջնորդում ու բանաձեւում այդ ուղերձը, այնուամենայնիվ, դա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ ապրիլի 24-ն ի վերջո հայկական կողմից որպես Ցեղասպանության տարելիցի ճանաչված թվական է:

Հայաստանը Թուրքիայի ուրացման հերթական քաղաքականությունն է մատնացույց անում, այստեղ էլ հասկանալի են հակազդեցության դրդապատճառները, որովհետեւ երկու կողմերը չափազանց անհաղորդ են, մեկի արածը մյուսին չի բավարարում, բայց մյուս կողմից՝ դա Թուրքիայի կողմից մի նախաձեռնություն է, մի քայլ է, որը կատարվում է հայկական կողմին ռեւերանսով: Եթե հայկական կողմն ասում է` Թուրքիան ուրանում է Ցեղասպանությունը, դրա տրամաբանական շարունակությունը կարող է լինել այն, ինչ որ հիմա է լինում, այսինքն՝ հայկական կողմին ռեւերանսով մի քայլ, որը չպետք է անուշադրության ենթարկվի, որովհետեւ Թուրքիան ամենաբարձր մակարդակով ասում է, որ կիսում է պատահածի ցավը: Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում այդ ուղերձների նշանակությունն ավելի առարկայական կարժեւորվի:

Եվ չմոռանանք նաեւ` այո՛, Թուրքիայում հասարակական մակարդակում եղած փոփոխությունները, Թուրքիայի նման երկրում հասարակության մոտ հայկական հարցի վերաբերյալ մտածողության փոփոխությունները չէին կարող մինչեւ այսօրվա կետին հասնել, եթե պետության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն չխրախուսվեր այդ գործընթացը: Սա եւս պետք է հաշվի առնել:

– Պարոն Գոչունյան, խոսենք նաեւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի եւ ՌԴ-ի գործերին միջամտելու Արեւմուտքի ձգտումն անվանեց հիվանդություն՝ հավելելով, որ Եվրոպային անհանգստացնում է Թուրքիայի եւ ՌԴ-ի մտերմությունը: Անկարան հայտարարում է, որ մտադիր է ամրապնդել Մոսկվայի հետ համագործակցությունը: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում ՌԴ-Թուրքիա հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ, հաշվի առնելով մի կողմից՝ ՌԴ-Թուրքիա կրկին ջերմացման գնացող հարաբերությունները, ինչպես նաեւ ՌԴ-Ադրբեջան տպավորիչ հարաբերությունները, հնարավո՞ր եք համարում ստատուս քվոյի փոփոխություն ԼՂ հարցում:

– Ամիսներ առաջ Երեւանում էինք` Լրագրողների համահայկական հերթական համաժողովի շրջանակներում, առիթ ունեցանք հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նա ծավալուն ելույթ ունեցավ, ներկայացրեց պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրները, կիսվեց իր տեսակետներով բազմաթիվ թեմաներով, ինչը մեզ համար թանկ հնարավորություն էր: Այդ թեման էլ քննարկվեց: Նկատելի էր, որ նախագահ Սարգսյանը շատ հանգիստ է, նույնիսկ ասում էր, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների դրական ընթացքը չի հակասում Հայաստանի շահերին, եւ ընդհակառակը: Նա ասաց, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը կարող է տարածաշրջանում բացասական ազդեցություն գործել նաեւ Հայաստանի վրա:

Հայաստանն անկախության 25 եւ ավելի տարիներից մինչեւ այսօր երբեք միջազգային կամ տարածաշրջանային առաջատար դերակատարների շահերի հակասություններից օգտվելու ձգտումով չի առաջնորդվել, հետեւաբար Թուրքիա-Ռուսաստան համագործակցության մակարդակի զարգացումը, իմ կարծիքով, մտահոգիչ գործոն չի Հայաստանի տեսանկյունից, մանավանդ, որ պաշտոնական Երեւանը հիմա այդպես է բացատրում իրավիճակը:

Մյուս կողմից՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ընթացքն էլ բավականին հետաքրքրական է: Ռուսական ինքնաթիռի խոցման ճգնաժամը պարզ է, որ հաղթահարված է, բայց դրան հաջորդած մթնոլորտն արդեն սիրիական ճգնաժամի դիտանկյունից տարբեր է: Անկարան ու Մոսկվան մի կողմից՝ մոտենում են մերձեցման, բայց մյուս կողմից՝ կարող են լինել իրադարձություններ, որոնցում նրանց տեսակետները տարբերվեն, շահերը հակասեն: Այսինքն՝ իրավիճակը հարափոփոխ է: Սիրիայում, Իրաքում այնքան հակադիր շահեր կան, որոնք անմիջականորեն կարող են անդրադառնալ միջազգային դերակատարների հարաբերությունների վրա: Նույն վիճակն է Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների դեպքում:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ դրանց հավանական ազդեցությանը ԼՂ հակամարտության վրա, դա բոլորովին այլ խնդիր է, որովհետեւ սա արդեն Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններից անկախ հարց է: Թուրքիան իր դիրքորոշումը վաղուց ճշգրտել է` ԼՂ խնդրում միանշանակ եւ միակողմանիորեն նպաստում, աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանն ու քաղաքականությանը: Բայց այդ քաղաքականությունը որքանո՞վ է ազդում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա` դա այլ հարց է, որովհետեւ Թուրքիայի դիրքորոշումը թեեւ հստակ է, բայց Թուրքիայի դիրքորոշման` իր հետապնդած նպատակների արդյունավետությունն արդեն հարցական է: Բայց միեւնույն է՝ Թուրքիայի դիրքորոշումը 25 տարի այդպիսին է:
Ռուսաստանը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որպես միջնորդ, առաջատար դերակատար է, նա Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ որքան Ռուսաստանը հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, այնքան էլ ունի Հայաստանի հետ, հետեւաբար հավասարակշռությունը, ուժերի հարաբերակցությունը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռոտանու վրա է: Մինչեւ այս պահը մենք տեսնում ենք, որ Հայաստանն իր համար անհրաժեշտ նվազագույնը կարողացել է ստանալ տարածաշրջանային հարաբերակցության մեջ: Երեւանը մշտապես կրկնում է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար ամեն ինչ անում է, այդ «ամեն ինչի» մեջ, պարզ է, Մոսկվայի հետ կատարված համատեղ աշխատանքն էլ կա, եւ այդ իմաստով, այսօրվա դրությամբ այդ հավասարակշռություններում մեծ տարբերություններ կամ փոփոխություններ ակնկալելու բավարար հիմքեր, ըստ երեւույթին, գոյություն չունեն:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների թեմաների վերաբերյալ Արա Գոչունյանի տեսակետը` տպագիր «Առավոտ»-ի այսօրվա համարում:

«Առավոտ», 25.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930