Արդեն 2 օր է մայրաքաղաքի խանութներում ադրբեջանական խնձորներ են վաճառվում, սակայն դրանց ներմուծման համար անմիջական պատասխանատու պետական եկամուտների կոմիտեն ընդհատակ է անցել, որեւէ բացատրություն, թե դրանք ինչպես են հայտնվել հայկական շուկայում, չի տալիս:
Թերեւս, ակնհայտ է, որ ադրբեջանական խնձորները, ինչպես եւ թուրքական լոլիկները մեր երկիր են ներմուծվել մաքսանենգ ճանապարհով, քանի որ այդ երկրների հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, որպեսզի ասենք՝ ադրբեջանական ծագման ապրանքը օրինական ճանապարհով, մաքսավորների աչքի առաջ ներկրվի մեր երկիր:
Aravot.am-ն այսօր ժամը 12:30-ին հարցում է ուղղել ՊԵԿ-ին՝ պարզելու, թե ադրբեջանական խնձորն ինչպե՞ս է հայտնվել Հայաստանում, արդյոք այս գյուղմթերքը մաքսանենգ ճանապարհով է ներմուծվել, եթե՝ այո, ապա ինչպես:
Մենք նույնիսկ տրամադրել էին այն կոնկրետ խանութի գտնվելու վայրը, որտեղ ֆեյսբուքյան օգտատերը նկատել եւ լուսանկարել եւ տեսանկարահանել էր ադրբեջանական խնձորը:
Կարդացեք նաև
ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից մեզ խոստացել էին պատասխանել, սակայն մինչ այս պահը նրանք մեր զանգերին ու հարցմանն այդպես էլ չպատասխանեցին:
Համացանցում եւ հանրության շրջանում ադրբեջանական խնձորներն, այսպես ասած՝ իրարանցում են ստեղծել, քանի որ վերջերս էլ մի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ թուրք ֆերմերը հայտարարել էր , որ թշնամի հայերի համար թունավոր նյութերով են լոլիկն աճեցնում: Իսկ ահա ՊԵԿ-ը չի էլ բարեհաճում հանրությանը տեղեկություններ տրամադրել այդ խնձորների ներմուծման մասին: ՊԵԿ-ի լրատվական ծառայության աշխատակիցները, որոնք քիչ չեն, մի պարզ հարցին պատասխանել այդպես էլ ի վիճակի չեղան:
Վարչապետը խոստացել էր բարեփոխել ՊԵԿ-ը, որի նախագահ նշանակեց իրեն հավատարիմ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Վարդան Հարությունյանին՝ վստահ լինելով, որ վերջինս ամեն ինչ անելու է՝ ՊԵԿ-ի նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար: Ահա եւ բարեփոխված ՊԵԿ-ը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով սննդի անվտանգությանն ասել էր. «Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»:
Իսկ ՊԵԿ-ը «շանտղություն» չի՞ անում, որ ադրբեջանական խնձորներն այսպես հանգիստ հայտնվում են մեր շուկայում: Այնպես չէ, որ մի միամիտ քաղաքացի դրանք գրպանը դրած մաքսակետով մաքսավորների ամենատես աչքից աննկատ անց է կացրել: Շուկայում դրանք մի քանի տուփ չեն, շատ են, եւ դրանց սննդային անվտանգությունը ստուգված չէ:
Իսկ որ ստուգված չէ, հաստատում են սննդի անվտանգության պետական ծառայությունից:
ՍԱՊԾ-ից քիչ առաջ մեր հարցման ի պատասխան ասացին, որ ապրիլի 1-25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան խնձոր է ներմուծվել Լեհաստանից, Ռուսաստանի դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Իտալիայից. «Նշված երկրներից ներմուծված խնձորները ստուգվել են, բոլորը փատաթղթավորվել են, խախտում չի եղել թույլատրվել է խմբաքանակների ներմուծումը: Դրանց մեջ ադրբեջանական ծագման խնձոր չի եղել»:
ՍԱՊԾ-ն հենց մաքսակետում ցանկացած ներմուծվող սնունդ փորձաքննության է ենթարկում, ուստի եթե ՍԱՊԾ-ն նշում է, որ իրենց ստուգած խնձորների մեջ ադրբեջանական չեն եղել, սա արդեն փաստում է այն մասին, որ այդ խնձորները մաքսանենգ ճանապարհով են ներմուծվել:
Մեր այն հարցին էլ՝ ադրբեջանական խնձորներ միայն մի խանութում չէ, որ վաճառվում են, մեր տեղեկություններով տարբեր շուկաներում եւ խանութներում դրանք առկա են, ՍԱՊԾ-ից պատասխանեցին՝ «Ահազանգից հետո մեր աշխատակիցները ուսումնասիրում են շուկան, տարբեր շուկաներից այդ խնձորների խմբաքանակը հավաքվում է»:
Իսկ արդյոք լաբորատոր փորձաքննության ենթարկե՞լ են հայտնաբերված ադրբեջանական խնձորները, մեր այս հարցին էլ ի պատասխան ծառայությունից ասաց, որ այս եւ այլ հարցրերի վերաբերյալ ավելի ուշ պաշտոնական պարզաբանում կհրապարակեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ