Ապրիլի 25-ը «Մեգերյան կարպետ» ընկերության համար առանձնահատուկ օր էր, նրա 100-ամյակի առթիվ այսօր ձեռագործ գորգերի գործարանում մեծ միջոցառում էր: Միջոցառումը առանձնահատուկ էր նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամի համար, քանի որ այսօր նրանք «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ նոր բարեգործական ծրագրի մեկնարկը տվեցին:
Հայաստանի մանուկների հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդները «Մեգերյան կարպետ» ընկերության փորձառու գորգագործների հետ միասին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կաշխատեն հոբելյանական գորգի ստեղծման վրա, որը կվաճառվի Նյու Յորքում կայանալիք ամենամյա աճուրդի ժամանակ: Աճուրդից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի մանուկների հիմնադրամին:
«Ես այսօր շատ ուրախ և հպարտ եմ, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն ենք ստեղծում երիտասարդ սերնդի համար մեր ազգային մշակույթի հնագույն ճյուղերից մեկի՝ գորգագործության հետ ծանոթանալու»- իր ելույթի ժամանակ ասաց «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանը:
Կարդացեք նաև
Միջոցառման ամենահետաքրքիր հատվածը վստահված էր Վանանդի ազգագրության խմբակի սաներին: Նրանք հին հայկական հարսանեկան ծեսերի մասին փոքրիկ ներկայացում էին պատրաստել: Իսկ «Մեր տուն» ՀԿ-ի սաները պարային համարով հանդես եկան:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի խորհրդի ատենապետ Գարո Արմենը նշեց, որ այս համագործակցությունը նոր որակ է հաղորդում Հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության վաղեմի բարեկամությանը.
«Մեր ազգը իր պատմության ընթացքում բարձրագույն արժեքներ է ստեղծել և այս նախագիծը ի շնորհիվ Րաֆֆի Մեգերյանի մեր բարձրագույն արժեքը, մեր ազգային խորհրդանիշը նորովի և նոր շնչով ներկայացնելու հնարավորություն է ընձեռում»:
Իսկ վերջում Հայաստանի մանուկների հիմնադրամի սաները իրենց գորգագործ վարպետ Ջուլիետա Սնխչյանի հետ միասին հոբելյանական գորգի մեկնարկը տվեցին:
Լիլի ԽԱՉԱՏՐՅԱՆ