Այսօր Շենգավիթ վարչական շրջանում ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը, որն այս համայնք էր եկել իր նախընտրական ծրագրերը քարոզելու նպատակով, շենգավիթցիներից տրցակներով նամակներ ստացավ: Մի քաղաքացի էլ ծոցագրպանից նամակը հանելու փոխարեն` թեկնածու Տարոն Մարգարյանի բուկլետը հանեց ու առանց տեսնելու` ինչ է տալիս, տվեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Սա ես եմ քեզ տվել, հիմի դու էլ ի՞նձ ես տալիս»,-կատակեց Տարոն Մարգարյանը` բուկլետը հետ տալով տարեց շենգավիթցուն:
Շենգավիթցիները Երեւանի քաղաքապետին էին դիմում կուտակված գույքահարկը մարելու, «Նաիրիտ»-ը բացելու, հաշմանդամության, անգամ ամուսնության հարցերով: Մի քաղաքացի Տարոն Մարգարյանից գումար խնդրեց` ամուսնանալու նպատակով: Նա քաղաքապետին դիմավորելու էր եկել մի փունջ ծաղիկ ձեռքը բռնած, որպես փեսացու:
Կարդացեք նաև
Շենգավիթի Մ. Գորգիսյանի անվան այգում հանրապետականների ելույթներից հետո, որոնք ներկայացնում էին Տարոն Մարգարյանի արած գործերը, մի կին բեմ բարձրացավ` Տարոն Մարգարյանին համբուրելու, ապա բարձրախոսը ձեռքն առավ ու Տարոն Մարգարյանի PR-ն արեց: Տիկնոջ ելույթն ավելի շատ ծափողջյունների արժանացավ, քան` մինչ այդ բեմում կանգնած հանրապետականների, որոնք խոսում էին Տարոն Մարգարյանի կատարած քաղաքաշինական, առողջապահական, մանկապարտեզների եւ այլ գործերի մասին: Տարեց կինը շենգավիթցիներին հորդորեց, որ վստահեն Տարոն Մարգարյանին, որպեսզի նա «ընտրված վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ձեռք ձեռքի բռնած, Երեւանը շենացնի»: Շենգավիթցի այս տիկինը պարոն Մարգարյանին նաեւ պատմեց, որ իրենց համայնք եկած ընդդիմադիր թեկնածուները, այսինքն` քաղաքապետի մրցակիցները «գալիս` կանգնում են Տարոն Մարգարյանի կատարած գործերի վրա» ու սկսում են քաղաքապետին փնովել:
Մանրամասները` տեսանյութում
Մի քաղաքացի ասաց, որ չիմացության հետեւանքով գույքահարկը կուտակվել է ու հիմի ի վիճակի չեն վճարելու: Խնդրեց համաներում կիրառեն: Տարոն Մարգարյանը հստակ այո կամ ոչ չասաց, միայն ասաց, որ կառավարման այդ համակարգի գույքահարկի հետ կապված փոփոխությունների անհրաժեշտություն ունի, որ ինքն էլ է այդպես կարծում, որ նոր մոտեցում է պետք:
Մանրամասները` տեսանյութում
Տարոն Մարգարյանն ասաց, որ իր պաշտոնավորման օրոք կարեւորն ճանապարհային հանգույցներ են կառուցվել` Լենինգրադյան-Իսակով ճանապարհը, 650 ընտանիք 4-րդ կարգի վթարային շենքերից վերաբնակեցվել են, 30 հազար երեխա անվճար մանկապարտեզ է հաճախում: Եվ հենց այդ գործերը աչքի առաջ ունենալով էլ շենգավիթցիները պետք է իրենց քվեն Տարոն Մարգարյանին տան:
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ մեկ միլիարդ են ներդրել բուժսարքավորումներով հիմնարկները հագեցնելու համար, եւ այսօր քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկները ոչ ջեռուցման, ոչ էլ բուժսարքավորումների խնդիր չունեն:
Փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էլ ասաց, որ Տարոն Մարգարյանի օրոք երաժշտական դպրոցներ են վերանորոգվել, մշակութային այլ օջախներ բարեկարգվել:
Տարոն Մարգարյանը խոստովանեց, որ չլուծված խնդիրներ շատ կան` տրանսպորտի եւ այլն, եւ իր թիմը խնդրում է շենգավիթցիների քվեն` կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար:
Մանրամասները` տեսանյութում
Տարոն Մարգարյանը լրագրողների հարցերին չէր ցանկանում պատասխանել` ասելով, որ այսօր եկել է քաղաքացիների հետ շփվելու, նրանց խնդիրները լսելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ