Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը ցուցամատը տնկեց Մուկուչյանի վրա. «Էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ աներ».

Ապրիլ 25,2017 17:37

Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը:

Լեւոն Զուրաբյանը նիստի ժամանակ պատասխանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցին՝ տեսանկարահանման մասին: Նա ասաց, որ ժամը 7-ից մինչեւ ժամը 1-ը տեղամասերից համացանցային  հեռարձակումը խափանվել է, չի աշխատել, թեեւ մեկ օր առաջ փորձարկվել են եւ շատ էլ լավ աշխատում էին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը փորձեց միջամտել եւ պատասխանել, Լեւոն Զուրաբյանը ցուցամատը տնկելով՝ ասաց. «Խնդրում եմ չմիջամտել»:

Տիգրան Մուկուչյանը հորդորեց խոսել առանց մատի: Զուրաբյանն էլ վիճեց. «Խնդրում եմ ինձ նկատողություններ չանել, թե ես ինչպես պետք է այստեղ խոսեմ: Մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ աներ»:

Վիճաբանությանը միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը. «Պարոն Զուրաբյան, ես ձեզ զրկում եմ ձայնից: Կներեք, եթե այդպես շարունակեք, ես ստիպված այստեղ կդնեմ քննարկման: Չի կարելի: Հարցին պատասխանեք: Եթե պատասխան չունեք, մի պատասխանեք, պատասխան ունեք՝ ներկայացրեք պատասխանը»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ տեղամասային եւ ընտրատարածքային իրենց շտաբները հնարավորություն չեն ունեցել ինտերնետով ու տեսանկարահանմամբ բացահայտվող խնդիրներին հետեւել, քանի որ հեռարձակումը խափանվել էր: Դա մնացել է կենտրոնական գրասենյակի վրա: Քանի որ ֆիզիկապես հնարավոր չի եղել, որ մի գրասենյակը հետեւի բոլոր նկարահանումներին, որոշում է ընդունվել, որ ոչ թե ամեն դեպքի համար առանձին հետեւեն, այլ ինչքան հնարավոր է՝ շատ դեպքեր արձանագրեն. «Մենք կուտակել ենք ինֆորմացիա՝ կենտրոնական գրասենյակից հետեւելով: Սա է եղել մեր որոշումը, որ ժամանակ չկորցնենք»:

Տիգրան Մուկուչյանը հարցրեց. «Քվեարկության օրվա ընթացքում դուք դա ֆիքսել եք, դրանից հետո ունեցել եք մեկ ամբողջ օր, մեկ ամբողջ գիշեր, երկարաձգվել էր դիմում ներկայացնելու ժամանակը 17 ժամով, այդ ընթացքում հավաքված տեղեկատվությունը վստահված անձանց հնարավոր էր հասանելի դարձնել եւ դիմումներ ներկայացնել, ինչո՞ւ ձեր այդ իրավունքից վստահված անձինք չեն օգտվել»:

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Որովհետեւ կենտրոնական շտաբում մենք ունենք փոքր մարդկային ռեսուրս, որոշում ընդունվեց, որ մենք հնարավորինս շատ տեսանյութ փորձենք նայել եւ համատարած եւ համակարգային բնույթը ներկայացնելու նպատակով ավելի շատ նյութ կուտակենք ու բերենք ԿԸՀ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930