Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մտել են Ագրամունտի սենյակ, թղթերը գողացել, բայց փողերին ձեռք չեն տվել

Ապրիլ 25,2017 17:12

Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում անցկացվող քննարկումը` ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի` Սիրիա այցելության վերաբերյալ:

Պեդրո Ագրամունտին, ԵԽԽՎ պատվիրակներ Ալան Դեստեհեին, Յորդի Խուկլային վեհաժողովը հարցեր հղեց: Նկատենք, որ քննարկման ընթացքում Պեդրո Ագրամունտը վեհաժողովի նիստերի դահլիճում նստած չէր նախագահի տեղում:

Ագրամունտին ուղղված հարցերի մեծամասնությունը վերաբերում էին նրան, արդյոք ի՞նչն էր խանգարում, որպեսզի վեհաժողովին տեղեկացներ իր` Սիրիա այցելության մասին, մանավանդ, որ հետագայում պարզվեց, որ Բյուրոյի նիստից ընդամենը մի քանի օր առաջ էր հրավեր ստացել Սիրիա այցելության: Պարոն Ագրամունտը ի սկզբանե հայտարարեց, թե ինքն ընդունում է իր սխալները, որ չի տեղեկացրել վեհաժողովին` այդպիսով թերագնահատելով այն արձագանքը, որ կարող էր լինել վեհաժողովի կողմից: Բայց նաև պնդեց, թե ռուսական կողմը մանիպուլացրել է իր այցելությունը: Անգամ ինքն անակնկալի է եկել ինքնաթիռ նստելուց: Ինչ վերաբերում է վեհաժողովին չտեղեկացնելուն, պարոն Ագրամունտը փորձեց արդարանալ, թե Սիրիայում հյուրանոցում հեռախոսային կապ, WiFi չի եղել:

Նաև հավաստիացրեց. «Ես Սիրիա մեկնել եմ որպես իսպանացի սենատոր, այլ ոչ թե որպես ԵԽԽՎ նախագահ»:

Հարցին ինչպե՞ս եք գնահատում Ձեր` հետագայում որպես նախագահ պաշտոնավարման հարցի վերանայումը, պարոն Ագրամունտն այդպես էլ պատասխան չտվեց:

Բոլոր հարցերին ի պատասխան՝ պարոն Ագրամունտը հիմնականում նույն արդարացումներն էր կրկնում. «Ես արդեն ասել եմ, որ սխալներ եմ գործել, ընդունում եմ դրանք, իհարկե, մտահոգված եմ ԵԽԽՎ-ի և իմ վարկանիշով»:

Պարոն Ագրամունտը մտահոգություն հայտնեց, թե իր անվտանգությունը վտանգի տակ է ու պատմեց. «Երեկ ինչ-որ մարդիկ մտել են իմ սենյակ, թղթերս են գողացել: Դրամապանակս էլ էր այնտեղ, բայց փողերիս ձեռք չեն տվել»:

Եզրափակելով՝ պարոն Ագրամունտը տեղեկացրեց, որ ուրբաթ` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը, հանդես կգա հայտարարությամբ:

Պատվիրակների մեծամասնությունն արդեն այն տրամադրվածությունն ունի, որ Ագրամունտը հենց իր հրաժարականը նկատի ուներ` հայտարարություն ասելով, պարզապես սպասում է Իսպանիայի թագավորի այցին ԵԽԽՎ. ընդունի ճանապարհի, հետո հայտնի իր հրաժարականի մասին:

Aravot.am-ը քննարկումից հետո պարոն Ագրամունտին հարցրեց, քանի որ ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը պահանջում է իր հրաժարականը, հնարավո՞ր է, որ հաշվի առնելով նրանց կարծիքը` հրաժարական ներկայացնի: Պարոն Ագրամունտը վրդովվեց, մեր հարցն անիմաստ համարեց ու նշեց. «Իմաստ չեմ տեսնում այդ հարցին պատասխանել: Սպասենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930