Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ վերագործարկվում է iDitord հարթակը

Ապրիլ 25,2017 16:44

«Հոդված 3» ակումբում Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 25-ին տեղի ունեցավ iDitord.org ինտերակտիվ հարթակի շնորհանդեսը: Այն ընտրությունների քաղաքացիական վերահսկողության բաց գործիք է, որը հնարավորություն կտա գրանցելու Երևան քաղաքի ավագանու ս․թ․ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտնաբերված խախտումները, այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահումների մասին հաղորդումները։

Ընտրությունների քաղաքացիական վերահսկողության առցանց հարթակը պատրաստել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ):

Ինչպես մամուլի ասուլիսին նշեց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, iDitord.org կայքը կգործի նաև Երևանի ավագանու ընտրությունների օրը և բաց կլինի բոլոր քաղաքացիների ահազանգերի գրանցման համար։

«Ինչպես գիտեք այս հարթակը Հայաստանում հիմնադրվել է դեռ 2012 թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այժմ մենք այն վերագործարկում ենք որպես Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքացիական վերահսկողության գործիք», – նշեց Այվազյանը:

Ներկայացնելով հարթակը՝ ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Տաթևիկ Բարսեղյանը նշեց, որ կայքում տեղադրված է քարտեզ, որը թույլ է տալիս նշել, թե կոնկրետ որտեղ է կատարվել ընտրախախտումը: «Կայքը հնարավորություն է տալիս նաև ներբեռնել լուսանկարներ և տեսանյութեր», – ասաց նա:

Սոնա Այվազյանն էլ հավելեց, որ թեպետ կայքում տեղեկատվության ճշտման որոշակի հնարավորություն կա, սակայն այնուամենայնիվ նրանք չեն կարող հաստատ իմանալ` հավաստի է տեղեկատվությունը, թե ոչ:

«Մասնավորապես ընտրախախտումների մասին հաղորդող քաղաքացիները կայքում պետք է նշեն իրենց էլ.հասցեն եւ հեռախոսահամարը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մենք կապվենք նրանց հետ եւ որոշակի ճշգրտումներ կատարենք: Քաղաքացիների անձնական տվյալները՝ հեռախոսահամար եւ էլ.հասցե, կայքում չեն հայտնվելու», – ասաց Այվազյանը՝ հավելելով, որ բոլոր հաղորդագրությունները, որոնք տեղադրվում են կայքում նշում են որպես «ոչ հավաստի»:

«Սա հնարավորություն է տալու լրագրողների, ոստիկանությանը, դիտորդական կազմակերպություններին գնալ այդ խախտումների մասին հաղորդումների հետքերով եւ ստուգել դրանք», – պարզաբանեց նա:
«Հոդված 3» ակումբի համակարգող թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930