Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի թեկնածուներ Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Բախշյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում Երեւանի խնդիրներից առանձնացրեցին թափառող կենդանիների վնասազերծման հարցը: «Այդ ի՞նչ «վանդալիզմություն» (իրենց լեզվով ասած) է քաղաքում շուն կրակելը կամ առհասարակ՝ կենդանու վրա կրակելը: Պետք է ստերիլիզացնել եւ բաց թողնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանն էր Դավիթաշենում ծառերի հատման դեպքը որակել «վանդալիզմություն»:
Անահիտ Բախշյանն էլ չկարողացավ նկարագրել, թե ինչ ապրումներ են ունենում՝ գիշերը լսելով կրակված կենդանիների կաղկանձը. «Դա ի՞նչ է…կենդանասերներն առաջարկեցին 90 տոկոս կենդանիներին ստերջացնել, բայց մրցույթի այնպիսի պայմաններ առաջադրեցին, որ կենդանասերները չշահեն մրցույթը, այլ շահի «Յունիգրաֆը»:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ եթե «ԵԼՔ»-ը ավագանու կազմում մեծամասնություն լինի, ուշադրություն է դարձնելու Երեւանի բյուջեի ճիշտ ձեւավորմանը եւ որոշ չկիրականացված ծրագրերի, օրինակ՝ «Կասկադ» համալիրի հարակից երկու կողմերում կախովի այգիներ հիմնելուն:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը պետք է հեռուստաեթերում բանավիճի «ԵԼՔ»-ի թեկնածուների հետ: Անահիտ Բախշյանն էլ իր հերթին հետաքրքիր առաջարկ ասաց՝ թող միաժամանակ բանավիճեն Տարոն Մարգարյանը, Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը՝ որպես բազմազավակ ծնողներ:
Հիշեցնենք, որ բանավիճելու մասին Տարոն Մարգարյանն իր կարծիքը հայտնել է:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ