ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի երեկվա ուղերձը Թուրքիայի հայությանն էր ուղղված, որով դրսեւորվել էր Թուրքիայի կողմնակալ կեցվածքը:
Հիշեցնենք, որ Էրդողանի պաշտոնական կայքում տեղադրվել է ապրիլի 24-ի հետ կապված հայտարարություն` ուղղված հայերին՝ «Մեր հայ քաղաքացիների եւ ամբողջ աշխարհի հայերի համար հատուկ նշանակություն ունեցող ապրիլի 24-ը կարեւոր առիթ է ազատորեն կիսել իրենց մտքերը։ Օսմանյան կայսրության վերջին տարիները անկախ կրոնից եւ էթնիկ խմբից՝ հայ, թուրք, քուրդ, արաբ եւ մյուս միլիոնավոր օսմանցի քաղաքացիների համար դժվար ժամանակաշրջան լինելն անհերքելի է…»:
Պարոն Մանոյանը նկատեց, որ պատրիարքական փոխանորդի պաշտոնն արդեն չունեցող, բայց իրենց պետության կողմից այդ պաշտոնը տակավին շարունակող Արամ Աթեշյանի մասին ուղերձի վերջում էլ Էրդողանը հայոց պատրիարքական ընտրություններին հաջողություն էր մաղթել Աթեշյանին. «Այդ ուղերձից պարզ է, որ Աթեշյանը Թուրքիայի իշխանությունների թեկնածուն է»:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Թրամփի ուղերձին՝ պարոն Մանոյանն արձանագրեց, որ Թրամփն այդ ուղերձով շարունակեց ԱՄՆ նույն գիծը. «Ասել ամեն ինչ Ցեղասպանության փաստի մասին, բացի ցեղասպանություն բառից»:
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահի ելույթի կարևոր մասը, ըստ Կիրո Մանոյանի, հայերին և թուրքերին հաշտության կոչ անելն էր. «Այսպիսով, ցույց է տրվում ԱՄՆ քաղաքականության ինքնամեկուսացման ընդհանուր գիծը՝ մենք անելիք չունենք այստեղ, թեև ունենք մի շարք պարտավորություններ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ