Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում այժմ անցկացվում է քննարկում նվիրված Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության խնդիրներին:
ԵԽԽՎ պատվիրակները քննարկում են երկրում գոյություն ունեցող ոչ ժողովրդավարական իրավիճակը: Քննադատության է ենթարկվում նաև այն հարցը, որ Թուրքիայում հանրաքվեն անցկացվեց արտակարգ դրության պայմաններում:
Զեկույցը պատրաստել էին Ինգեբյորգ Գոդսկեսենն ու Մարիաննե Միկկոն: Այնուհետև կարճ ելույթներ ունեցան ԵԽԽՎ պատվիրակները:
Դանիան ներկայացնող Նիկոլա Վիլլումսենը հայտարարեց. «Այն երկիրը, որտեղ ընդունված է լինելու մահապատիժը, իրավունք չունի լինել եվրոպական ընտանիքում»:
Կարդացեք նաև
Նա քննադատության ենթարկեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն ու նշեց. «Էրդողանը չարաշահել է ԵԽԽՎ-ի վստահությունը Թուրքիայի նկատմամբ: Բայց, այդուհանդերձ, թուրք հասարակությունն իրավունք ունի լինել ժողովրդավար: Միանշանակ է, որ պետք է համապարփակ մոնիտորինգի գործընթաց անցկացվի Թուրքիայում»:
Պատվիրակների մեծամասնությունը պնդեց, որ Թուրքիայում շարունակվեն իրականացվել հետմոնիտորինգային գործընթացները: ԵԺԿ խմբի ներկայացուցիչն էլ կարծիք հայտնեց, թե ԵԽԽՎ-ի համար անընդունելի է այն, որ Թուրքիայում հանրաքվեն անցկացվեց արտակարգ դրության պայմաններում:
Ավստրիացի պատվիրակ Շտեֆան Շեննախը տեղեկացրեց, թե իրավիճակը Թուրքիայում շարունակվում է մտահոգիչ մնալ, թեև երեկ ազատ են արձակվել հացադուլ հայտարարած գերմանացի լրագրողները, բայց դեռ անազատության մեջ են իտալացի լրագրողները:
Ի վերջո ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձևը, որը նշանակում է, որ Թուրքիայում մոնիտորինգը վերսկսում է:
Մինչ ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիայի հարցը, նիստերի դահլիճից դուրս բոլոր հյուրերին բաժանվում են հաղորդագրություններ, թե ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել քննարկմանը իր` Սիրիա այցելության վերաբերյալ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ընդառաջ գնալով պատվիրակների մեծամասնության ցանկությանը, համաձայնել է մասնակցել իր` Սիրիա այցելության վերաբերյալ քննարկմանը, որը տեղի կունենա ժամը 13.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ