«Հարգելի՛ երեւանցիներ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ողջունում է ձեզ»,- այսօր այս կոչերով կուսակցության անդամները շրջեցին Շենգավիթ վարչական շրջանի կանգառներով:
Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն էլ քաղաքացիներից հետաքրքրվում էր՝ ինչ են ուզում, որ քաղաքում փոխվի:
Aravot.am-ի հետ զրույցում տիկին Փոստանջյանն ասաց, որ իր ու ՀՀԿ թեկնածուի միջեւ մրցակցություն չի կարող լինել. «Որովհետեւ, ես՝ որպես քաղաքապետ, գալիս եմ մաքուր ձեռքերով, մաքուր սրտով, մաքուր անցյալով, իրենց նման գողությամբ չեմ զբաղվել, քաղաքը չեմ ապականել, չեմ յուրացրել հանրային գումարները, այդ առումով, ես իրենց հետ մրցակից չեմ»:
Տիկին Փոստանջյանն ասաց, որ ինքը որեւէ մրցակից չունի ավագանու ընտրություններում ու հիշեցրեց՝ իր միակ թիրախը ՀՀԿ-ն է. «Մենք գալիս ենք Երեւանը մաքրելու ապօրինությունից, կոռուպցիայից ու կեղտից, որի մեջ թաթախված է Երեւանը»:
Կարդացեք նաև
Նա պատմեց, որ այսօր առավոտյան ժամը յոթից դուրս է եկել տնից ու հետեւել հանրային տրանսպորտի աշխատանքին. «Երկու ժամից ավելի է՝ շրջում ենք, ոչինչ չի փոխվել, քաղաքային տրանսպորտի մեջ մարդիկ լցվում են մի քանի անգամ ավելի շատ քանակով ու ուղեւորվում անվտանգության պայմանների բացակայության ներքո, նվաստացած, դրանից օգտվում է նույն ՀՀԿ ներկայացուցիչը, որը յուրացնում է այդ գումարները»:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի պնդմանը, թե առնվազն հինգ տարի է պետք ընդդիմախոսներին, որ քաղաքային տնտեսության հետ ծանոթանան, որ իմանան` ինչ խնդիրներ կան՝ տիկին Փոստանջյանն ասաց. «Երբ Տարոն Մարգարյանի կենսագրությունն ուսումնասիրում ես, չեմ կարծում, որ նա ուսումնասիրել է Երեւան քաղաքի տնտեսությունը, կարծես թե նա գիտությամբ է զբաղվել ու գիտությունների թեկնածուի թեզ է պաշտպանել, դրա համար կարծում եմ՝ իր համար հինգ տարի անհրաժեշտ եղել է: Ես չգիտեմ՝ ինչով է զբաղվել, բայց քաղաքապետ լինելու համար պետք է ունենաս քաղաքական ծրագիր… եթե ներկայացնում ես մի քաղաքական ուժի, որը ուղղակի հայրենիքից ժողովրդի արտագաղթ է կազմակերպել, ուրեմն մրցակցությունից դուրս ես… այդ արտագաղթի պայմանները խոսում են այն մասին, որ տնտեսություն ղեկավարել չգիտես, ու ամեն ինչ դիտավորյալ արել ես, որ տնտեսություն չունենաս»:
Նա նաեւ ասաց, որ Տարոն Մարգարյանի ղեկավարած տնտեսության գնահատականը երկուս է:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ