«Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ երբևէ որևէ կառավարությունից որևէ գումար չեմ վերցրել, թեև Ձեր երկրի պատվիրակության անդամներից մեկն իմ անունը դասել էր կոռումպացված պատվիրակների շարքին»,-Aravot.am-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը:
Նա տեղեկացրեց, թե զեկույցներ է պատրաստել Մակեդոնիայի, Հունգարիայի և այլ պետությունների մասին, անգամ դիտորդական առաքելությամբ եղել է Հայաստանում նախորդ նախագահական ընտրություններին, բայց երբեք որևէ պետությունից որևէ բան չի վերցրել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ուոլթերը «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի հեղինակն է, որը ԵԽԽՎ-ն մերժեց: Իսկ Ռոբերտ Ուոլթերի հասցեին ժամանակին մեղադրանքներ էին հնչում, թե նա ադրբեջանական լոբբիստ է և կաշառված է Ալիևի վարչակարգի կողմից:
Բրիտանացի պատվիրակից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս որոշվեց, որ զեկույցը հենց ինքը պետք է պատրաստի, ինքը նման ցանկություն հայտնե՞լ էր, Ռոբերտ Ուոլթերը պատմեց. «Նախ Վեհաժողովը որոշեց, որ պետք է նման զեկույց պատրաստվի, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն էլ ինձ ընտրեց` որպես զեկուցող, քանի որ ես ասացի, որ Երևանում լավ ընկերներ ունեմ, մի շարք նախարարներ, այդ թվում նաև Էդվարդ Նալբանդյանը: Ես նրանց տանը ճաշել եմ իր ու իր կնոջ հետ: Բայց հիմա ինձ հետ Էդվարդ Նալբանդյանը չի խոսում: Շատ տխուր եմ»:
Կարդացեք նաև
Պարոն Ուոլթերն ասաց, թե շատ է տխրում ու հիասթափված է, քանի որ հայկական կողմն իր հետ չհամագործակցեց, մինչդեռ ինքն ուզում էր հավասարակշռված զեկույց պատրաստել. «Ես կարծում էի, թե Ձեր երկրի ԱԳ նախարարի լավագույն ընկերն եմ, մինչև որ նա և ձեր կառավարությունը հարձակումներ չգործեցին իմ նկատմամբ: Դա նրանք անում էին անգամ մինչև իմ` զեկույց գրելը, թույլ էլ չտվեցին գալ Երևան: Երկու տարվա ընթացքում հնարավոր չեղավ կազմակերպել իմ այցը Երևան. անընդհատ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ խորհրդարանը պատճառաբանում էր, որ այդ պահին հարմար չէ այցելությունը և վեց ամսվա ընթացքում կկազմակերպեն: Այդպես էլ չհամագործակցեցինք»:
Մեր այն պատճառաբանությանն ի պատասխան, թե հայկական կողմը տեղեկություններ ուներ, որ ինքը կաշառված է և ի սկզբանե որոշված է, որ զեկույցը լինելու է հօգուտ Ադրբեջանի և ոչ հավասարակշռված, այդ պատճառով էլ չի ցանկացել համագործակցել, պարոն Ուոլթերը կրկին արդարացավ, թե որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ երբևէ չի եղել և չի կաշառվել. «Ես կարծում էի, որ իմ ընկերները Հայաստանում կօգնեն ինձ գրել զեկույցը: Բայց նրանք չհամագործակցեցին, քանի որ կարծում էին, որ այդ զեկույցն ընդհանրապես չպետք է գրվի: Նրանք պատճառաբանում էին, որ այդ զեկույցը կխանգարի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին»:
Հիշեցրինք, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ, իրոք, ունի միայն Մինսկի խումբը, և արդյոք իր պատրաստած զեկույցը չի՞ խանգարի կարգավորման գործընթացին, պարոն Ուոլթերն արձագանքեց. «Ես այդ հարցը քննարկել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի և քարտուղարության հետ, նրանք որևէ խնդիր չէին տեսնում: Զեկույցն ամենևին էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրների մասին չէր, այլ շփման գծում զինադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ»:
Պարոն Ուոլթերը հիասթափված է, որ 23 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծման ուղի այդպես էլ չգտավ. «Բայց ես չէ, որ պետք է որոշեմ ԼՂՀ կարգավիճակը, դա երկու կողմերի խնդիրն է»: Ըստ Ռոբերտ Ուոլթերի` ղարաբաղյան հակամարտության լուծումը Մինսկի խմբի համանախագահների, երկու կառավարությունների ու նախագահների ձեռքում է:
Հետաքրքրվեցինք` իրեն դո՞ւր է գալիս իր պատրաստած զեկույցը, պարոն Ուոլթերը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Ես ուզում էի լսել նաև հայկական կողմի կարծիքը, որ զեկույցս հավասարակշռված լիներ, բայց ինձ հետ չցանկացան հանդիպել: Եվ ցավոք, իմ զեկույցում չկա երկրորդ կողմի կարծիքը, ես հիասթափված եմ»:
Ռոբերտ Ուոլթերի` ՀՀ ԱԳՆ-ի հասցեին հնչեցրած մեղադրանքները Aravot.am-ը փոխանցել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին: Արձագանքի դեպքում այն առաջիկայում կհրապարակենք:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
իրեն դուր չէ գալիս իր պատրաստած զեկույցը – ուրեմն ինչու հրապարակեցիր. չէ որ ըստ քեզ միակողմանի էր.