Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյանը խոսել է Սամվել Մանուկյանի հետ` մեքենան այրելու թեմայով (Տեսանյութ)

Ապրիլ 25,2017 14:11

Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը սատարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած թիմին եւ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այդպիսի հայտարարություն արեց միության համանախագահ, ՀՀԿ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Նա հատուկ ընդգծեց, որ կազմակերպության նախագահ, մոսկվաբնակ Նորիկ Թեւանյանը Հայաստանում է եւ անձամբ է հետեւել, թե խորհրդարանական ընտրություններին, թե առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:

Տաճատ Վարդապետյանի խոսքով, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ- ում գործող ամենաակտիվ կազմակերպություններից է: Իսկ ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որի համամասնական ցուցակում արդեն երրորդ անգամ ընդգրկվում են վիրահայերի ներկայացուցիչներ: Ինքը`Տաճատ Վարդապետյանն այս անգամ զբաղեցնում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 33-րդ հորիզոնականը:

«Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 500 հարյուր հազար վիրահայեր են ապրում և մեր կազմակերպությունը միավորում է բոլորին»,- ընդգծեց Տաճատ Վարդապետյանը, հավելելով, որ կազմակերպությունում քաղաքական այլ հայացքների տեր մարդիկ գրեթե չկան, բոլորը միատար են մտածում: Իրենք էլ բարձր են գնահատում Տարոն Մարգարյանի`Երեւանում կատարած աշխատանքները:

Aravot.am-ի հարցին`ինչ է մտածում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանի մեքենան այրելու փորձի մասին, Տաճատ Վարդապետյանն ասաց, որ դա իր համար տհաճ եւ ամոթալի միջադեպ է: Նա խոսել է Սամվել Մանուկյանի հետ, կասկածներ չունի, քաղաքական ենթատեքստ էլ չեն տալիս դրան: Հույս ունեն, որ հետաքննությունը կպարզի իսկությունը:

Մանրամասները`տեսանյութում

Անդրադառնալով ապրիլի 24-ին Վրաստանում տեղի ունեցած ոգեկոչման միջոցառումներին, Տաճատ Վարդապետյանն ասաց, որ իր կարծիքով Ցեղասպանության ճանաչման առումով վրացական իշխանությունների մեջ էլ շարժ կա: Վրացի պատգամավորներ էլ են երեկ մասնակցել Վրաստանում կայացած Ցեղասպանության զոհերի հարգանքի տուրքի միջոցառումներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930