Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԴ-ում ՀԱԿ-ՀԺԿ-ն ներկայացրեց ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՎԿ-ի, «Ելքի», ՕՐՕ-ի, անգամ՝ Կոմկուսի ընտրախախտումները

Ապրիլ 25,2017 13:56

Ինչպես տեղեկացրել ենք, Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումն է քննվում:

Փաստաբան Տիգրան Եգորյանը 1 ժամից ավելի է՝ ՍԴ-ում ներկայացնում է ընտրախախտումները, այն աստիճան մանրամասնությամբ, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ստիպված ընդհատեց նրան: Եգորյանը, խոսելով դիտորդների արձանագրած ուղղորդման դեպքերի մասին, պատմեց, թե ինչպես է տեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահը շատ ջերմ բարեւել ընտրողին: Գագիկ Հարությունյանի խոսքերով՝ իհարկե, շատ լավ է, որ ջերմ են բարեւել, բայց 128 հազար հայտարարությունները այսպես ներկայացնելն անիմաստ է, միեւնույն է, դա այստեղ քննվող նյութ չէ:

Տիգրան Եգորյանը տարբեր թեկնածուների ընտրախախտումներ ներկայացրեց ցույց տալով, որ ընտրակաշառք բաժանել, ուղղորդել, խախտումով քարոզչություն են արել, տարատեսակ խոստումներ տվել եւ ծառայություններ են ընտրողներին մատուցել ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ՝ ՀՎԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը», ՕՐՕ-ն, անգամ՝ Կոմկուսը:

Նա ասաց, որ Արտաշատում անվճար տրանսպորտ է գործել «Ծառուկյան» պաստառով եւ գովազդել է Արգամ Աբրահամյանի թեկնածությունը: Արմավիր քաղաքի 108 թաղամասում ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի կողմից իրականացվել է խաղահրապարակի կառուցում, այս թաղամասն ընդգրկել է թվով հինգ տեղամասեր: Վանաձորում «Էվա» գեղեցկության սրահը իբր Մարտի 8-ի կապակցությամբ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի անունից ծառայություն է մատուցել: Ատամնաբուժարաններից մեկում «Ծառուկյան» դաշինքի քարոզչության շրջանակներում անվճար ծառայություններ են մատուցվել:

Արտաշատում բաժանվել են վառելափայտ ՀՀԿ-ի կողմից, Իջեւանում՝ հեռախոսների պատյաններ, Գորիսում ՀՎԿ-ի ներկայացուցիչների կողմից Ալվարդ Դավթյանին ընտրելու համար 5000-ական դրամ աջակցություն տրամադրելու խոստումներ են եղել: Այս քաղաքը թվով 12 տեղամասեր է ընդգրկում: Երեւանում ՀՀԿ-ականները 10 հազար դրամ են առաջարկել: Սյունիքում Վահե Հակոբյանի օգտին քվեարկելու համար 15- հազարական դրամներ են բաժանվել եւ ծաղկեփնջեր՝ դպրոցների ուսուցիչներին: Կոշ, Ուջանում խոստումներ են տվել անվճար կամ էապես էժան գազիֆիկացում իրականացնել: Դրան հաջորդել են տեսուչների ցուցակագրման գործառույթները: Իջեւանում «Գրանդ Քենդի» ընկերության առաքիչները բաժանել են խանութներում անվճար կոնֆետներ՝ Գրիգոր Ավալյանի բուկլետների հետ միասին:

Սյունիքում Վահե Հակոբյանը քարոզարշավի ժամանակ Գորիսի պետհամալսարան այցելելով՝ ուսանողներին խոստացել է 25 տոկոս ուսման վարձի օժանդակություն տրամադրել:

ՀՀԿ-ական Արագած Ախոյանը բաժանել է վառելափայտ եւ շինարարական տախտակներ: Արաբկիր համայնքում ոմն Սոնա Բաղրամյան փողոցի ՍԱՍ-ի հարակից շենքերում շրջել է եւ խոստացել է 20 հազար դրամ ընտրակաշառք՝ Արտակ Սարգսյանին ընտրելու դեպքում: Արարատի մարզի Արտաշատում «Ծառուկյան» դաշինքի անունից բնակիչներին գումարներ են բաժանվել , մարտի 29-ի երեկոյան դրա համար բերման է ենթարկվել շտաբի աշխատակիցներից մեկը, որից մի քանի ժամ անց Արգամ Աբրահամյանի միջամտությամբ ազատ է արձակվել: ՀՎԿ-ի Սիմոն Հակոբյանի օգտին քվեարկելու համար հագուստ է բաժանվել քաղաքացիներին:

Նա նաեւ անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, Հրազդանում Սամվել Սանամյանի նախընտրական շտաբում աշխատողները 10 հազարական դրամ են բաժանել, Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքում խոստում է տվել համայնքի ճանապարհներն ասֆալտապատել եւ այլն:

Եգորյանը նշեց, որ ըստ դիտորդական առաքելությունների տվյալների, ընտրողներին ուղղորդել են ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի, ՀՎԿ-ի ներկայացուցիչները եւ անգամ դեպքեր են արձանագրել, երբ ուղղորդել են Կոմկուսի մարդիկ:

Թվով 25 տեղամասերում 26 դեպք է հայտնաբերվել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից, որտեղ քարոզչություն է եղել քվեարկության սենյակում եւ քվեարկության սրահին կից սենյակում: 18 դեպքի պարագայում քարոզչության շահառուն եղել է ՀՀԿ-ն, երկուսի պարագայում եղել է «Ծառուկյան» դաշինքը, մեկի պարագայում՝ «Ելքը», մեկի պարագայում՝ ՕՐՕ դաշինքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930