Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավին մասնակցող կուսակցական եւ պետական հայտնի գործիչները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, ոչ միայն արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել լրագրողների նկատմամբ, այլեւ փորձել են «դասեր» տալ նրանց

Ապրիլ 25,2017 13:38

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017թ. առաջին եռամսյակային զեկույցի մասին

2017 թվականի առաջին եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված ժամանակահատված էր՝ պայմանավորված ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավով եւ ծավալված քաղաքական պայքարով։ Այդ կարեւոր գործընթացի լուսաբանումն ինքնին մեծ ջանքեր էր պահանջում ԶԼՄ-ներից, սակայն խմբագրությունների աշխատանքն էլ ավելի է բարդացել, երբ նախընտրական շիկացած կրքերն, ըստ ձեւավորված արատավոր ավանդույթի, ուղղվել են լրագրողների եւ օպերատորների դեմ։

Այսպես, պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության եւ 18 ճնշման դեպքեր են տեղի ունեցել, իսկ ընդհանուր եռամսյակային տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32 փաստ եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 5 խախտում։

2016 եւ 2017 թթ. առաջին եռամսյակներին տեղի ունեցած խախտումների քանակական տվյալները

Դիտարկվող ժամանակահատվածն աչքի է ընկել նաեւ ընդդեմ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դատական նոր գործերի առատությամբ։ Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործեր, որոնցից 15-ն ընդդեմ «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եւ նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի են, եւ բոլորը վերաբերում են այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ ՀՀԿ-ի։
Ընտրապայքարը լուսաբանելու համար անբարենպաստ քաղաքական մթնոլորտի մասին են վկայում այն փաստերը, երբ քարոզարշավին մասնակցող կուսակցական եւ պետական հայտնի գործիչները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, ոչ միայն վրդովվել ու արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել լրագրողների նկատմամբ, այլեւ փորձել են «դասեր» տալ նրանց։ Ընդ որում՝ իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձեւը։

Հունվար-մարտ ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը եւ արձանագրել է, որ դրանցում նկատելի առաջընթաց չի եղել. նոր մեղադրյալներ կամ նույնիսկ կասկածյալներ չկան։ Մինչդեռ, միջազգային ատյանները՝ Եվրոպական դատարանը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն գրանցել #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ Սա իրավապաշտպանության ոլորտի համար չափազանց կարեւոր նախադեպ է։

Դիտարկվող ժամանակահատվածում շրջանառության մեջ դրվեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, որով փորձ է արվում արդիականացնել 2003-ից գործող համանուն օրենքը։ Սակայն ԽԱՊԿ-ը և գործընկեր լրագրողական կազմակերպությունները մի շարք լուրջ առարկություններ եւ առաջարկություններ ունեն օրինագծի վերաբերյալ. դրանք գրավոր տեսքով ուղարկվելու են նախարարություն։

ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրության եւս մեկ փոփոխություն լուրջ մտահոգության տեղիք տվեց. ս. թ. հունվարի 9-ից ուժը կորցրած է ճանաչվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ անձնական տվյալներ մշակելը չի ենթարկվում սահմանափակումների, եթե դա իրականացվում է բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով։ Նշված օրենքի փոփոխությամբ այդ սահմանափակումներն արդեն տարածվում են նաեւ ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա։

2017թ. առաջին եռամսյակում չլուծված մնաց ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների խնդիրը, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով թվային դարաշրջանում շարունակում են գործել անալոգային ռեժիմով եւ հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930