Լրահոս
Օրվա լրահոսը

Մերի Մարգարյանին անհրաժեշտ էր հոսպիտալացնել ու կեսարյան հատում անել. Ռազմիկ Աբրահամյան

Ապրիլ 25,2017 13:33

Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով այսօր Շենգավիթ վարչական շրջանի դատարանում հարցաքննվեց ՀՀ ԱՆ գինեկոլոգ-մանկաբարձ, դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի անդամ Ռազմիկ Աբրահամյանը: Նա այսօր ասաց, որ այն օրվանից, երբ Մերի Մարգարյանի մոտ գրանցվեց բարձր ջերմություն, վիճակի վատացում, սակավաջրություն, կեսարյան հատում էր անհրաժեշտ անել, ասաց՝ համենայնդեպս, ինքը նման որոշում կկայացներ:

Ո՞րն է եղել պատճառը, որ կեսարյան հատման որոշում չի եղել հարցին, պարոն Աբրահամյանը պատասխանեց՝ հարցը ուղղեք տվյալ բուժանձնակազմին, որոնք մասնակցել են ծննդկանի ծննդօգնության գործընթացին:

«Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ Մերի Մարգարյանի մոտ ՀԵԼԼՓ սինդրոմի ախտանշաններն ի հայտ են եկել 2015թ. հուլիսի 27-ին առավոտյան: Մինչ այդ գիշերը նա ունեցել փսխում, թուլություն, չի բացառվում, որ այդ ժամանակահատվածում էլ ի հայտ եկած լինեն այդ նշանները: Բայց քանի որ լաբորատոր հետազոտություններն արվել են ամսի 27-ին առավոտյան եւ նրա մոտ հայտնաբերված է եղել լյարդի ֆեգմենտների փոփոխում, տրոմբոցիտների քանակի նվազում, սրանք հենց խոսում են ՀԵԼԼՓ սինդրոմի մասին: Եթե ես լինեի, հենց այդ ժամանակ կեսարյան հատում կանեի»,- ասաց պարոն Աբրահամյանը:

Ո՞վ է պատասխանատու ՀԵԼԼՓ ախտանիշի նախապես հայտնաբերման համար հարցին, պարոն Աբրահամյանը դժվարացավ պատասխանել. «Լաբորատոր հետազոտությունների հիման վրա պետք է ախտորոշեին, բայց քանի որ նախապես այդ հետազոտությունները չեն եղել, ոչ մեկ չի կարող ասել՝ ով է պատասխանատու: Եթե կլինիկական հետազոտությունները կատարված լինեին ու հայտնաբերված լիներ, համապատասխան միջոցառումներ ձեռնարկված չլինեին, ապա հնարավոր կլիներ ասել՝ ով է պատասխանատու»:

Ըստ փաստաթղթերի՝ հուլիսի 23-ին մահացած ծնդդկանի մոտ բարձր ջերմությունն է արձանագրվել, հարցին՝ հուլիսի քսաներեքից մինչեւ քսանյոթը Մերիին ցուցաբերած բուժօգնությունը եղե՞լ է պատշաճ, պարոն Աբրահամյանը դժվարացավ պատասխանել, միայն կրկնեց՝ բարձր ջերմության դեպքում ցանկալի էր նրան հոսպիտալացնել:

Փաստաբանի ճշտող հարցին, թե այս պարագայում թերացե՞լ է բժիշկը մասնագիտական պարտականությունները կատարել, որ ժամանակին չի հոսպիտալացրել, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել:

Մերի Մարգարյանը հղիության ընթացքում մահանալուց մեկ ամիս առաջ ունեցել է փսխում, ներարգանդային պտղի աճի դանդաղում, կան համապատասխան նշանակումներ: Պարզվե՞լ է պտղի աճի դանդաղման պատճառը, որի հիման վրա նշանակում է եղել հարցին, պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ պտղի աճի դանդաղման պատճառները մինչեւ հիմա հստակ ուսումնասիրված չեն, բայց այդ աճի դանդաղումը ՀԵԼԼՓ սինդրոմի վաղաժամ ախտորոշման հիմք չէր կարող հանդիսանալ: Ըստ նրա, Մերի Մարգարյանը նորմալ ընթացող հղիություն է ունեցել, ռիսկային չի համարվել, ռիսկային կարելի է համարել, երբ ջերմությունն է բարձրացել:

Ինչում են թերացել ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, ինչ պետք է անեին, որ չեն արել, հարցը առարկեց պաշտպանական կողմի փաստաբանը, ամեն դեպքում դատարանը հարցը ուժի մեջ թողեց, ի պատասխան պարոն Աբրահամյանն ասաց՝ զարմանալի հարցեր եք տալիս, թերացումն այն է, որ չեն հոսպիտալացրել, հետագա քայլերը՝ ինչու են այդպես որոշել, այդ հարցերը ուղղեք նրանց, ինչու են հղիությունն այդպես վարել, այդ հարցերը ուղղեք, ձեր լեզվով ասած, ամբաստանյալներին:

Որեւէ արգելք կամ վտանգ, հակացուցում կա՞ր կեսարյան հատում անելու ու երեխային ազատելու հարցին, պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ, Մերիի մոտ արձանագրված ինտոքսիկացիան այդքան մեծ ազդեցություն չի ունեցել պտղի վրա, եթե հուլիսի 27-ի առավոտյան պտղի զարկերը նորմայի մեջ են եղել, կեսարյան հատման միջոցով հավանականությունը մեծ կլիներ պտուղը փրկելու:

Նա նաեւ ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ անեսթեզիոլոգը ինչու նշանակում չի արել, որոշում չի կայացրել. «Չէ՞ որ գիշերվա չորսին Մերիի վիճակը վատացել է, փսխել է, նրան կանչել եք… Խորհուրդ պետք է տար՝ գոնե լրացուցիչ հետազոտություն կատարվեր»:

Ռազմիկ Աբրահամյանի հարցաքննության ավարտից հետո դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 12-ին:

Հիշեցնենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015թ. հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ Հաջորդ օրը հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: Հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» ԲԿ-ում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Այս գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930