Իշխանությունը քննությանը չի դիմանում,
մնում է վարչական ռեսուրսը
Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մեկնարկել է որոշ առումով «երկրորդ փուլը», եւ ընդդիմությունն ունի եւս մեկ հնարավորություն մարտահրավեր նետելու իշխանությանը:
Ազգային ժողովի ընտրություններին իշխանությունը եւ ՀՀԿ-ն շատ լավ իմանալով քաղաքացիների վերաբերմունքը, որը, մեղմ ասած, իր օգտին չէր, փորձեց հանդես գալ նորացված դեմքով՝ առաջ բերելով անձանց, որոնք ստեղծված իրավիճակի հետ չեն կապվում. Կարեն Կարապետյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան եւ այլն: Մյուս կողմից՝ իշխանության «ռեզերվ» էր մարզերի ընտրազանգվածը, ինչպես նաեւ վարչական ռեսուրսը՝ իր ֆինանսական բաղկացուցչով, Հերմինե Նաղդալյանի ասած «նվերներով» եւ այլն:
Երեւանի ավագանու պարագայում իրավիճակն այլ է: Այստեղ, նախ, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու իր Հանրապետական թիմը հանդես են գալիս սեփական դեմքով: Նրանք չունեն այստեղ «մարզերի ընտրազանգված», Տարոն Մարգարյանը հնարավորություն չունի անձամբ հետ քաշվելու՝ առաջ մղելով իր, այսպես ասենք, «Կարեն Կարապետյանին», «Վիգեն Սարգսյանին» կամ «Արփինե Հովհաննիսյանին», այլ բարձրաձայնված հարցերին ստիպված է լինելու պատասխանել անձամբ, որովհետեւ, ի վերջո, դրված է անձամբ նրա վերընտրության հարցը: Իսկ ընդդիմադիրների ձայները «հողանցելու» տարբերակները եւս բացակայում են, քանզի նրա հետ մրցում է ընդամենը երկու ուժ՝ «Ելք» դաշինքը եւ Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը: Իսկ Տարոն Մարգարյանի ընդդիմախոսները շատ բան ունեն նրան մատնանշելու եւ «հիշեցնելու», եւ կասկած չկա, որ դա անելու են:
Կարդացեք նաև
Ի՞նչ է մնում անել Տարոն Մարգարյանին եւ ՀՀԿ-ին: Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության վերարտադրության մեքենան ոչ միայն կոտրված չէ, այլեւ ավելի է կատարելագործվել: Իսկ «ՍԱՍ-ի Արտակի» եւ տնօրենների ձայնագրությունները հստակ պատկերացում են տալիս, թե ինչ լծակներով է այդ վերարտադրությունն ապահովվում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների կողմից մատնանշված, մեջբերում՝ «հավաստի տեղեկությունները» զանգվածային ընտրակաշառքի վերաբերյալ, որը ոչ ոք այդպես էլ հոդաբաշխ կերպով չհերքեց, առաջ են բերում վերարտադրության եւս մեկ գործոն: Հետեւաբար չկա որեւէ հիմք՝ պնդելու, որ նույն լծակները չեն գործադրվելու իշխանության վերարտադրությունը նաեւ Երեւանում ապահովելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի, նախ, ապատիա, որ «մեկ է՝ բան չի փոխվելու», ցածր մասնակցություն, որպեսզի հասանելի վարչական ռեսուրսի գործադրումն ապահովի առավելագույն տոկոս, ինչպես նաեւ խուսափել ուղղակի բանավեճերից, սուր հարցերից, կոչ անել «չքաղաքականացնել» ընտրությունը, հղում անել աշխատանքի «բազմամյա փորձին» եւ «մի ձեւ սղացնել» ընտրարշավը՝ ասելով, որ «խնդիրներից տեղյակ ենք, աշխատում ենք, լավ կլինի», եւ այդպես շարունակ՝ աշխատելով չհարուցել մեծ դժգոհություն մինչեւ քվեարկության օրը:
Սրանից հետեւում է, թե ինչպիսի ռազմավարությամբ պիտի առաջնորդվի ընդդիմությունն առավելագույն հաջողություն արձանագրելու համար: Փաստ է, որ իշխանության փաստարկները չափազանց թույլ են, ինչպես նաեւ ցածր են նույնիսկ այդ փաստարկները բերելու ունակությունները: Եվ միանգամայն բնական է, որ ՀՀԿ-ն ի սկզբանե հայտարարեց, որ ոչ մի հրապարակային բանավեճի չի մասնակցելու եւ բավարարվելու է միայն «բակային հանդիպումներով»: Իսկ իշխանության այն թեզը, որ «պետք չէ քաղաքականացնել», որը հրապարակային դաշտ են բերում որոշ հանրապետականներ՝ ուղղակի ծիծաղելի է: Հնարավոր չէ՛ «չքաղաքականացնել» քաղաքականությունը Երեւանում, որը հանրապետության կեսն է, իսկ քաղաքականություն բառի արմատը քաղաքն է: Իսկ տարիներ ի վեր «անտեր» վիճակում, առանց քաղաքացիական վերահսկողության ծախսվող քաղաքային բյուջեն հետայսու ինչպե՞ս պիտի ծախսվի, որպեսզի լավագույնս ծառայի երեւանցուն, զարգացման ինչպիսի՞ տեսլական ապահովելու համար պիտի ծախսվի՝ այս ամենը ոչ միայն քաղաքականություն է, այլեւ քաղաքականությունը մեծ հաշվով հենց դա՛ է:
Հետեւաբար ընդդիմության հաջողությունը պայմանավորված է նրանով, թե տրամադրությունների «գալվանիզացման» ֆոնին որքան բարձր մասնակցություն կկարողանա ապահովել այս ընտրություններին: Ի վերջո, մայրաքաղաքի՝ տարիներ ի վեր չլուծված խնդիրները բոլորի աչքի առաջ են, եւ իշխանության ներկայացուցիչների կողմից բերված «գիտական բացատրությունները» ոչ միայն համոզիչ չեն, այլեւ ուղղակի կարող են նյարդայնացնել երեւանցիներին:
Երբ ամեն տարի դեկտեմբերի 1-ին «հանկարծ» ձմեռ է սկսվում, եւ Երեւանի փողոցներում գոյանում է «Տիտանիկը» կործանած այսբերգի ծավալի սառույց, որը ցերեկները վերածվում է անտանելի ցեխի, իսկ քաղաքապետարանը հայտնում է, որ «ամբողջ Երեւանում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ», էլ չասած՝ աղ ցանելու այդ քարանձավային պրակտիկան, որից մաշվում են քաղաքացիների թե՛ մեքենաները, թե՛ կոշիկները, թե՛ փողոցների ասֆալտը, որը տարին մի քանի անգամ «նորոգում են»՝ սրա ի՞նչը «բացատրես»: Փող չկա՞: Ամբողջ Նյու Յորքում, օրինակ, ընդամենը մեկ տոնածառ է դրվում քաղաքային իշխանության կողմից, մինչդեռ Երեւանում ամեն թաղապետարան՝ մի հատ էլ ի՛ր կողմից, ու դրա փողը կա՛:
Իսկ քաղաքային տրանսպորտի «քարանձավային» վիճակը որեւէ քննության չի դիմանում եւ ենթակա չէ որեւէ «գիտական» բացատրության: «Հարյուր դրամի» քաղաքացիական շարժումից ի վեր քաղաքային իշխանությունը երեւանցիներին «կերակրում» է նրանով, թե «հայեցակարգի ռազմավարություն ենք մշակում», իսկ հետո՝ «ռազմավարության հայեցակարգ» եւ այլ զարմանահրաշ բացատրություններով: Մինչդեռ իրավիճակը մնում է նույնը. սահմանափակ քանակով «մինի»-ավտոբուսները եւ տրոլեյբուսները հանկարծակի «չքվում» են երեկոյան ժամը 20.00-ից, մարդիկ երեք տակ ծալված շարունակում են երթեւեկել փնթի եւ կեղտոտ պաստառներով պատված նստարաններով, «ծակ» պատուհաններով, գազով աշխատող ռուսական «գազելներով»: Իսկ երկու վագոն թողած եւ 6 րոպեն մեկ, իսկ 21.30-ից հետո 10-12 րոպեն մեկ ժամանող մետրոն փակում են 23.00-ին, եւ քաղաքը մնում է տաքսիների հույսին: Այսինքն՝ 21-րդ դարում քաղաքային տրանսպորտի կազմակերպումը քաղաքացիների նյարդերի, արժանապատվության եւ գրպանի հաշվին շարունակում է մնալ ցինիկ «գռդոնի» տրամաբանության մեջ: Եվ այս ամենի ֆոնին գործող քաղաքային իշխանությունը դեռ կշարունակի խոսել իր «կառավարման փորձից», «միջազգային փորձի օրինակներից» եւ այլ հետաքրքիր բաներից, որին էլ, բնականաբար, ակնառու օրինակներով կհակադարձի ընդդիմությունը՝ մեղադրելով իշխանությանը պարզ ոչ կոմպետենտության եւ վարչական անձեռնհասության մեջ, եւ շատ ճիշտ էլ կանի:
Էլ չհաշված քաղաքի դպրոցներում տիրող մթնոլորտը, մանկապարտեզների հարցը, կրճատվող կանաչ գոտիները, Կասկադի «վերի գլխում» կանաչ գոտու հաշվին կառուցված պարսպապատ անճոռնի դղյակները եւ այլն: Ուրիշ բան չէ, ինքը՝ ՀՀԿ փոխնախագահ եւ վարչապետ Կարեն Կարապետյանն է ասում. «Ընենց տպավորություն է, որ էս քաղաքում ով ինչ կուզի՝ կանի»…
Անկախ նրանից, թե ինչ տոկոսներ կարձանագրեն մասնակից ուժերը, մի բան ակնհայտ է. գործող իշխանությունն այլեւս չի կարողանալու քաղաքի ահռելի բյուջեի հետ վարվել հին ձեւով, քանզի բոլոր դեպքերում Երեւանն ունենալու է այլ որակի ավագանի: Իսկ դա արդեն շատ կարեւոր առաջընթաց է, եւ պետք է արժանին մատուցել ընդդիմությանը: Իսկ իշխանությանը մնում է, նախ, գիտակցել իրավիճակի լրջությունը եւ, բացի դրանից, օգտագործել ունեցած վարչական ռեսուրսը, Հերմինե Նաղդալյանի «նվերները» եւ այլ առկա լծակները, որովհետեւ հազիվ թե նրանք, ովքեր ձայն կտան իշխանությանը, կառաջնորդվեն այլ շարժառիթներով, ասենք՝ տպավորվելով ձնամաքրման «ռազմավարության հայեցակարգից» կամ «գազելների» «հայեցակարգի ռազմավարությունից»: Իսկ մեզ՝ երեւանցիներիս, մնում է գիտակցված եւ ակտիվ մասնակցություն ունենալ ընտրություններին, քանզի հենց դա է բխում մեր, մեր մայրաքաղաքի եւ մեր երկրի շահերից:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
25,04.2017