Համահայկական նվագախմբի գաղափարը միս ու արյուն ստացավ, եւ այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում հնչած համերգի ժամանակ ապացուցեց` գեղեցիկ գաղափարները գեղեցիկ իրականություն են դառնում:
Մոտ երկուսուկես ժամ տեւած, լեփ լեցուն դահլիճում անցած համերգի ընթացքում աշխարհի 20 երկրների 45 քաղաքներից հավաքված 70 երաժիշտներից կազմված Համահայկական նվագախումբը կատարեց բացառապես հայ հեղինակների գործեր` Ալեքսանդր Աճեմյանի «Նախերգանքը», Էդգար Հովհաննիսյանի «Հուշարձան հերոսներին», Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոյի 1-ին մասը` «Գառնին», Բարսեղ Կանաչյանի «Օրորը» (մենակատար` սոպրանո Հասմիկ Պապյան), Ալեքսանդր Հարությունյանի «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմից հատված` «Կրակի բովով», Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը, Ալան Հովհաննեսի «Սուրբ Գրիգորի աղոթքը» (մենակատար` շեփորահար Դանիել Մելքոնյան), Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայի 3-րդ մասը, Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը» (մենակատար` սոպրանո Հասմիկ Թորոսյան), Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայի 3-րդ մասը, «Սպարտակ» բալետից «Ադաջիոն», Ջութակի կոնցերտի 3-րդ մասը (մենակատար` ջութակահար Դիանա Ադամյան), Կոմիտասի «Ծիրանի ծառ, բար մի տա» (մենակատար` Լիպարիտ Ավետիսյան) եւ «Չինար ես»:
Հնչեցին նաեւ ներկայումս մեր կողքին ստեղծագործող երկու հեղինակների գործեր` Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիայի 4-րդ մասը եւ հատուկ այս համերգի համար գրված ու ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված` Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» գործը:
Կարդացեք նաև
«Պոեմ հաղթանակին» հնչում էր առաջին անգամ եւ իրապես հաղթական ոգի ուներ, ինչի ընկալմանը մեծապես նպաստում էր Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի եւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի հնչողությունը: Համահայկական նվագախմբի հետ այս երգչախմբերի համադրությունը, Կարեն Անտաշյանի գրած խոսքերը եւ տենոր Լիպարիտ Ավետիսյանի հզոր ձայնը դահլիճին համոզիչ կերպով հաղթանակի զգացողություն տվեցին:
Համերգը հերթով ղեկավարում էին մեր ժամանակակից լավագույն դիրիժորները` Հովհաննես Չեքիջյանը, Կոնստանտին Օրբելյանը, Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանն ու Սերգեյ Սմբատյանը: Համերգի ողջ ընթացքում էկրանին «հոսում էր» հայոց պատմությունը` լուսանկարների, գունանկարների, գրաֆիկայի տեսքով, բանաստեղծություններից հատվածներով, մեծերի ձայներով, փաստերով ու փաստաթղթերով` Եղեռնի դաժան կադրերից մինչեւ մերօրյա հերոսներ, անկախ Հայաստան, Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ, ապրող եւ կյանքը շարունակող հայեր` աշխարհի բոլոր ծագերում, որոնց մի մասնիկը` 70 երաժիշտ` 20 երկրների 45 քաղաքներից, միավորվել էր Համահայկական նվագախմբի մեջ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարները` ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: