Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նստաշրջանի ավարտին Ագրամունտն այլևս չի լինի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում». Սամվել Ֆարմանյան

Ապրիլ 25,2017 00:22

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի հիմնական քննարկման հարցն առաջին աշխատանքային օրվա ընթացքում Պեդրո Ագրամունտի հրաժարականի հարցն է: ԵԽԽՎ պատվիրակներն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշում էին, որ նրա հրաժարականի համար չկան իրավական ընթացակարգեր:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վստահեցրեց, որ կան պահեստային լուծումներ այս հարցում: Նրա բնութագրմամբ` այժմ գործ ունենք վեհաժողովում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ. «Որևէ ազգային խորհրդարանում նաև միջազգային վեհաժողովներում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը կատարվում է ոչ թե իրավական ընթացակարգային եղանակներով, այլ քաղաքական որոշումներով: Ակնհայտ է, որ Պեդրո Ագրամունտը կորցրել է վստահությունը պատվիրակների շրջանում, նաև ԵԺԿ-ում` այն քաղաքական խմբակցությունում, որն իրեն առաջադրել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: Քաղաքական միակ հնարավոր լուծումը ստեղծված իրավիճակում նաև այսօր քաղաքական խմբերի քննարկումների արդյունքում այն է, որ այլ ընդունելի, ճիշտ տարբերակ գոյություն չունի, քան այն, որ Պեդրո Ագրամունտը հրաժարական ներկայացնի»:

Մեր այն հարցին, բայց եթե Պեդրո Ագրամունտը համառի ու հրաժարական չներկայացնի, ի՞նչ հնարավոր լուծումներ կան, պարոն Ֆարմանյանը նշեց. «Լուծում կարող է լինել ընդհուպ մինչև այն, որ մենք կարող ենք Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ խմբակցությունից և դրանով իսկ ապօրինի դարձնել նրա` նախագահ լինելը, քանի որ ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն` չի կարող որևէ խմբակցության ներսում չներգրավված անձնավորությունը նախագահել ԵԽԽՎ: Այնպես որ, պահեստային նման բազում լուծումներ կան: ԵԽԽՎ-ն իր ողջ պատմության ընթացքում երբեք նման սկանդալների մեջ չի հայտնվել»:

Պարոն Ֆարմանյանը տեղեկացրեց, որ չնայած Ագրամունտի կողմից ձեռնարկված բոլոր միջոցների` արդեն որոշում կա ստեղծվել հետաքննող անկախ հանձնաժողով, որը կզբաղվի ԵԽԽՎ-ում նման դեպքերի հետաքննությամբ: Այն բաղկացած կլինի երեք հոգուց, որոնք հավանաբար կլինեն ՄԻԵԴ նախկին դատավորներ:

Մեր այն դիտարկմանը, բայց ԵԽԽՎ պատվիրակները Պեդրո Ագրամունտի հրաժարականի պահանջը հիմնականում հիմնավորում են այն փաստով, որ նա այցելել է Սիրիա և ոչ թե շեշտում են նրա` կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավվածությունը, պարոն Ֆարմանյանն արձագանքեց. «Սիրիա այցելությունը վերջին կաթիլն է, որ բոլորին ստիպել է իրերը կոչել իրենց անուններով: Բայց ներկայիս բանաձևերի նախագծերը, որոնք ազգային տարբեր խմբակցություններում թևածում են, ունի միանշանակ հղում առ այն, որ Պեդրո Ագրամունտի անգործության կամ միտումնավոր գործունեությունը ԵԽԽՎ-ին հեղինակազրկում է և նա մեղադրվում է քաղաքական կոռուպցիայի մեջ. այն, ինչի մասին հայկական պատվիրակությունը պնդել է, և ուրախ ենք, որ դրանք լայն ընդունելություն են գտել»:

Պարոն Ֆարմանյանն ասաց, որ վաղը Պեդրո Ագրամունտին և ևս երկու խորհրդարանականների հնարավորություն կունենան քննարկման ժամանակ հարցեր հղել: Պարոն Ֆարմանյանը նաև տեղեկացրեց, որ այսօր Պեդրո Ագրամունտը ԵԺԿ խմբակցության նիստին ներողություն է խնդրել, սակայն բոլորին էլ հասկանալի է, որ այդպիսով նա փորձում է մանիպուլացնել ԵԽԽՎ պատվիրակներին:

Պարոն Ֆարմանյանը հավաստիացրեց, որ «այս իրավիճակում էլ ելք կա և դա Պեդրո Ագրամունտի հրաժարականն է»: Մեր հարցին` հնարավո՞ր է այս նստաշրջանի ընթացքում Պեդրո Ագրամունտը հրաժարական ներկայացնի, պարոն Ֆարմանյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ այս նստաշրջանի ավարտին նա այլևս չի լինի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում, համենայն դեպս քաղաքական գործընթացները տանում են դրան»:

Պարոն Ֆարմանյանին հիշեցրինք նաև իր` ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը: Պարոն Ֆարմանյանը նշեց. «ԱԺ պատվիրակությունը ձևավորում է ԱԺ նախագահը: Նոր խորհրդարանը չի ստանձնել իր պարտավորությունները: Պատվիրակության կազմի մասին հարցերը հեռու են գոնե ժամկետային առումով անհրաժեշտությունից»: Հետաքրքրվեցինք` իրեն պատկերացնո՞ւմ է այդ պաշտոնում, պարոն Ֆարմանյանը պատասխանեց. «Ես ինձ վատ չեմ զգում պատվիրակության կազմում`որպես անդամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930