Երեւանի ավագանու 2009-ի ընտրություններն առաջինն էին 2005-ի բարեփոխված Սահմանադրությամբ: Քարոզարշավին մասնակցում էր 7 կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստանը, Ժողովրդական կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրես Դաշինքը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Օրինաց երկիրը: Առաջին օրերի հիմնական հարցն էր՝ պե՞տք է Երեւանը ղեկավարի բնիկ երեւանցին:
Քարոզարշավի առաջին օրն ի դեպ մահանում է բնիկ երեւանցիներից մեկը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը:
Հայ Ազգային Կոնգրեսը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցում էր բանտերում ունենալով մեկ տարի առաջ տեղի ունեցած մարտի 1-ի դեպքերի համար մեղադրվող բազմաթիվ քաղբանտարկյալներ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ է մասնակցում ՀԱԿ-ի քարոզարշավին: Այս օրը նա նվիրում է բանտերում գտնվող տղաների հերոսությունը ներկայացնելուն:
Կարդացեք նաև
ՀԱԿ քարոզարշավը հարթ չի ընթանում Ավան համայնքում: Այստեղ քարոզարշավի հենց առաջին օրը անհայտ մարդիկ հարձակվում են Կոնգրեսի ներկայացուցիչ երեք կնոջ վրա: Բոլորն էլ տեղափոխվում են հիվանդանոց:
Քարոզարշավի մյուս մասնակիցը՝ Բարգավաճ Հայաստանը, քաղաքապետի ընտրություններին նույնպես ներկայանում է առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմքով: Նժդեհի հրապարակում Ծառուկյանի համար կանգնածների մեջ է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը:
Հենց այս օրը մայրաքաղաքում իր երթուղին է փոխում 9-րդ համարի տրոլեյբուսը՝ պատճառը Մելիք Ադամյանում գտնվող Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ մեքենաների անկանոն կուտակումն է:
Հանրապետականի քարոզչական տեսահոլովակը ցույց է տալիս Երեւանի անգույն եւ գունավոր իրականությունները՝ կռվող մարդկանց փոխարեն լինելու են գրկախառնվողներ, ինչ-որ մի անկյունում կպարեն հեզաճկուն աղջիկները: 1998-ից Երեւանը ղեկավարող Հանրապետականը, որի քաղաքապետի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն է, 2009-ին խոստանում է վերականգնել Երեւանի երբեմնի կոլորիտը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: