Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, Տավուշի մարզի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ապրիլի 12-ից ընթանում է Լուիզա Մատինյանի դատավարությունը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կադրերի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնական կեղծիք:
Լ. Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»): Սույն հոդվածը նախատեսում է 200-500 հազար դրամի չափով տուգանք կամ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում, առավելագույնը 3 տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից :
Լ. Մատինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով մեղադրանքը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ