Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ֆիքսել «Արգո» խանութի տեսախցիկները ռուս զինծառայողի սպանությունից. նոր մանրամասներ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 24,2017 20:38

Այսօր եղանք Գյումրու Բուլվարային թաղամասում, որտեղ երկու օր առաջ ժամը 17.00-ի սահմաններում տեղի էր ունեցել պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի դաժան սպանությունը: Թաղի բնակիչները ցնցված էին այս դեպքից, դեռ ուշքի չեն գալիս: Անմիջական ականատեսներից մեկն էլ՝ «Շիրակջրմուղի» աշխատակից Սամվելը, որին պատկանող գրախանութի տակ տեղի էր ունեցել սպանությունը, բնակիչների փոխանցմամբ, դեպքից հետո տանը հիվանդ պառկած է, շատ վատ է զգում:

«Արգո» խանութի հարևանությամբ գտնվող գրախանութի տակ, որտեղ սպանել էին Դմիտրիին, թարմ ծաղիկներ, խաղալիք ու մոմեր էին դրված: Մեր՝ այնտեղ գտնվելու պահին կանգնեց մի ավտոմեքենա, որից դուրս եկան երկու ռուս կանայք՝ թարմ ծաղիկներ բերելով: Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ անձամբ ճանաչում էին Դմիտրիին, նա ոգելից խմիչքների նկատմամբ սեր չունեցող, օրինապահ զինվորական էր: Ռուս կանայք ասացին, որ սպանության տարբեր վարկածներ են լսել, սակայն չեն ուզում մանրամասնել: Նշեցին միայն, որ իրենց կարծիքով սա «պրովոկացիա է, հայ-ռուսական հարաբերությունները խառնելու միջոց»:

Փոխարենը որոշ մանրամասներ փոխանցեցին թաղի բնակիչները: Ստեփան Գրիգորյանը, որը թոշակառու է, տաք օրերին ամբողջ օրը կանգնած է Կուրսկի անվան բարեկամության պուրակի մոտակայքում ու ծանոթ է թաղի անցուդարձին, դեպքին ականատես չի եղել: Նա հասել է այն պահին, երբ շտապօգնության մեքենան կանգնել է, Դիման էլ հոգին է տվել: Նա լսել է, որ Դմիտրին «Արգո» խանութի դիմաց տեղադրված սուրճ պատրաստող սարքից սուրճ է վերցրել, այն ձեռքը բռնած՝ ամենայն բավականությամբ ուղևորվել է դեպի մոտակայքում տեղակայված զորամաս: «Արգո» խանութից մի քանի քայլ առաջ շարժվելով՝ վրա է հասել հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդը ու դանակով հարվածել զինվորականի պարանոցին: Դմիտրին փորձել է իր պարանոցից հանել դանակը, սակայն ձեռքը պահած դանակին՝ ընկել է:

Դմիտրիին խփողը, տեսնելով, որ շուրջբոլորը իրար են խառնվել, փախուստի է դիմել, վազել է դիմացի նեղ փողոցներից մեկով (տես լուսանկարում), սակայն «Արգո» խանութի առաքիչներից մեկը, վազել է հետևից, կարողացել է հասնել, գետնին գցել նրան ու պահել:

Ըստ մեր զրուցակցի, Դմիտրին զորամասի շնապահն է եղել (հիշեցնենք, որ նրա՝ սոցիալական ցանցերում տեղադրված բոլոր նկարները տարբեր ցեղատեսակների շների հետ են, Ա.Ն.) շատ մարդամոտ ու շփվող անձնավորություն, նա զորամասից միշտ ուղևորվել է մոտակայքում՝ «Ձկի ձորի» հարևանությամբ գտնվող դիվիզիա՝ ճանապարհին բարևելով բոլորին: «Այս թաղի բնակիչները շատ էին սիրում Դմիտրիին, շատ խելոք, շնորհքով տղա էր, շատերը ունեին նրա հեռախոսահամարը, զանգահարում, շփվում էին հետը:

Մեծ հարգանք ուներ մեր թաղում: Ինքը ժամկետային զինծառայող էր, մեկ տարի Գյումրիում ծառայելուց հետո, իրեն՝ որպես լավ կադր, վերցրեցին պայմանագրային ծառայության: Չեք պատկերացնում ինչ սիրով էր ապրում Գյումրիում, ինչ մարդամոտ էր: Անիծվի նրան սպանողը, ասա դու ի՞նչ կապ ունես Գյումրիի հետ, ո՞վ ես դու, որ Ստեփանավանից հասար էստեղ, խայտառակեցիր մեզ: Ո՞վ կպատկերացներ, թե պատահական մեկը կողքից պիտի գար ու էս օյինը բերեր… Դիման որբանոցի երեխա է եղել, նրան Կրասնոդարում որդեգրել է մի կին: Այս աշխարհում այդ մորից բացի ոչինչ չուներ: Չգիտեմ Կրասնոդար կտանեն հուղարկավորելու, թե՞ կմնա Գյումրիում: Չեք պատկերացնի դիվիզիայի հրամանատարը ինչ ձևի էր ողբում, երբ տեսավ Դմիտրիին այդ վիճակում: Նրան ախր շատ են սիրել», -պատմեց Ստեփան Գրիգորյանը:

Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ երեկ սպանության մեջ կասկածվող երիտասարդին բերել են դեպքի վայր: «Ձեռքը կապած էր, վնասվել էր փախուստի ժամանակ, երեսին նայել չէր լինում, Հայաստանի քաղաքացու վիդ չկար վրեն, դեմքին նայողը կասեր, որ նրա հետ ինչ-որ մի բան էն չէ…Ցույց էր տալիս, թե որտեղ ու ինչպես է սպանել Դիմային, 15-20 րոպե էդպես՝ առանց գետինը մտնելու, ցույց էր տալիս»,-ասաց մեր զրուցակիցը:

Մենք եղանք նաև «Արգո» խանութում: Խանութի աշխատակիցները պատմեցին, թե ինչ են ֆիքսել իրենց տեսախցիկները, որոնք առգրավվել են ոստիկանության կողմից: «Կադրերում ռուս զինվորականը մեր խանութի դիմացից սուրճ է վերցնում, շարժվում դեպի գրախանութ: Կուրսկի հրապարակի կողմից գալով՝ նրա հետևից առանց շտապելու շարժվում է մի ջահել տղա՝ դանակը ձեռքին պահած: Հասնելով գրախանութի մոտ՝ նա հետևի կողմից դանակը խրում է ռուս տղայի պարանոցը, վերջինս չի էլ հասցնում հասկանալ՝ ի՞նչ է կատարվում: Կադրերով տեսանք, որ ջահելը մոտ 5 անգամ սառնասրտորեն հարվածում է դանակով զինվորականին: Երեկ էլ դրան բերել էին դեպքի վայր, հեռվից տեսանք, թե ինչպես էր ցույց տալիս իր գործողությունները: Դմիտրիին անձամբ չենք ճանաչել, որովհետև մեծ թվով ռուս զինվորականներ են առևտուր անում մեր խանութից, միայն այդ պահերին ենք շփվում հետները»,-ասացին խանութի աշխատակիցները:

Մենք հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է ճիշտ թաղում տարածված այն վարկածը, թե Ա.Ջ.-ն, տեսնելով Դմիտրիի ձեռքին փող, որը նա փորձում էր տեղավորել գրպանում, դանակահարել է, որպեսզի գողանար: «Կադրերում նման բան չկար, ոչ մի փող»,- ասացին խանութի աշխատակիցները:

Ի դեպ, այս թաղամասն ամենաբանուկ տեղանքներից մեկն է, այստեղ է գտնվում վիճակագրական վարչությունը, Գյումրու թիվ 38 դպրոցը, ջրմուղը: Բնակիչները բողոքում էին, որ փողոցում որևէ անգամ հսկողություն չի եղել ոստիկանության կողմից, ոստիկանական հրեշտակները եկել ու հսկում են իրենց տեղանքը միայն այս դեպքից հետո: Մինչդեռ, ըստ նրանց, ինչ կասկածելի դեմք ասես չի անցնում իրենց փողոցներով. քիչ հեռավորության գտնվող «Մուշ» թաղամասում անօրինական հասարակաց տուն կա, որտեղ և այս թաղի բնակիչների համոզմամբ, հանգրվանել էր օրերս ռազմաբազայից անհետացած ռուս զինծառայողը:

Ի դեպ, Բուլվարային թաղամասի կանանց շրջանակում խոսակցություններ էին տարածվել, թե Ա.Ջ.-ն, նախքան Դմիտրիին սպանելը, ոտքերով, ձեռքերով խփել է Կուրսկի հրապարկում գտնվող եղևնիներին ու հայհոյանքներ հնչեցրել: Մտածել են, թե խմած մարդ է:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցել էին, որ Ա.Ջ-ն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից է, նա դեպքի պահին եղել է միայնակ: Բնակվում է պապիկի հետ, թե ինչու էր այցելել Գյումրի, ինչն էր դրդել սպանել զինծառայողին, վերջինս, ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցների փոխանցմամբ, երևակայական վարկածներ է առաջ քաշել, որը, բնականաբար, չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930