Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Հայաստանը միշտ եղել ու մնում է բանակցություններին կողմնակից, բանակցային գործընթացին այլընտրանք չկա»

Ապրիլ 24,2017 20:30

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրի հարցերին

Հարց. Պարոն նախարար, Բաքուն ասում է, թե իբրև Հայաստանը խուսափում է բանակցություններից, բայց ստիպված կլինի վերադառնալ բանակցային սեղանին։ Ինչպես կարձագանքեք այդ պնդմանը։

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանական կողմը պարզապես փորձում է, ինչպես ասում են «վատ խաղի ժամանակ դեմքի լավ արտահայտություն ընդունել», բայց դա էլ նրանց մոտ չի ստացվում։ Հայտնի է, որ Հայաստանը միշտ եղել է և մնում է բանակցությունների կողմնակից։ Հանրահայտ է նաև, որ հենց Ադրբեջանն է, որ մշտապես փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ` փորձելով խուսափել բանակցություններից հրաժարվել հանդիպումներից, որոնք կազմակերպվում են համաձայնեցված ձևաչափում եռանախագահների հովանու ներքո` բարդելով դա հայկական կողմի վրա:

Միգուցե այդ շինծու պնդումները անելուց առաջ Ադրբեջանը պետք է փորձի բացատրել, թե ինչպես է ստացվում, որ եթե հայկական կողմն է հրաժարվում այդ հանդիպումներից, ինչու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում հենց Բաքուն, ինչի ականատեսը եղանք անցյալ տարի Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հետ:

Ադրբեջանը միշտ փորձում է հրաժարվել անգամ մինիմալ համաձայնեցված քայլերի իրականացումից, դրա հետ մեկտեղ պահանջում է առավելագույնը, մաքսիմալիստական ինչ-ինչ պահանջներով է հանդես գալիս։ Բոլորի մոտ հաստատվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանը ունակ չէ բանակցելու: Բայց, չնայած Ադրբեջանի՝ հանդիպումներից հրաժարվելու փորձերին, ինչին վերջերս ականատես եղանք դրան Մյունխենում, դրանից առաջ Համբուրգում, Հայաստանը միշտ եղել ու մնում է բանակցություններին կողմնակից, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա:

Հարց. Պարոն նախարար, մամուլում տեղեկություններ կան, որ ապրիլի 27-ին սպասվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Էդվարդ Նալբանդյան. Կա ընդհանուր ըմբռնում, որ այդպիսի հանդիպում է պետք կազմակերպել: Երբ լինի վերջնական համաձայնությունը, երբ ժամկետները ճշտվեն, մենք դրա մասին կհայտնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930