«Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 24-ին կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող Քըրք Քըրքորյանի Survival Pictures-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմի փակ ցուցադրությունը` հայերեն կրկնօրինակմամբ:
Գլխավոր դերերում նկարահանվել են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը: Ֆիլմի երաժշտության հեղինակը «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է: Հոլիվուդյան ֆիլմում հնչում է Կոմիտասի պատարագից մի հատված` «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետի կատարմամբ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Հովերի» գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, առաջարկը հաճելի էր եւ պարտավորեցնող:
Կարդացեք նաև
«Մեզ առաջարկեցին կատարել Կոմիտասի Պատարագից մի հատված, Լիպարիտ Ավետիսյանին առաջարկվեց «Գոհանամքի» հատվածը: Մենք սիրով համաձայնեցինք ու արագ ձայնագրեցինք: Կարծում եմ, որ ֆիլմում դա հետաքրքիր, հայեցի եւ խորքային նշանակություն ունի»,-նշեց տիկին Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ֆիլմի վերաբերյալ` իբրեւ հանդիսատես իր տպավորությանը, խմբավարն ասաց. «Սա աննախադեպ մի բան է, այսպիսի մասսայական տեսարաններով, դարաշրջանի իրական պատկերումներով ֆիլմերի սովոր չենք… Պատմական ընթացքը հարեւանցիորեն, անձնական պատմությանը կից ընթացող պատմումը շատ տեղին է եւ ճիշտ է արված: Տպավորված եմ հատկապես գլխավոր դերակատարի խաղով, որ չլինելով հայ` այդքան նրբորեն զգացել է, վերապրել է իր կերպարը: Կարծում եմ, որ ֆիլմը սպասված է եւ մեծ իրադարձություն է բոլորիս համար: Ուրախ եմ, որ «Հովեր» կամերային երգչախմբի սեպտետն իր մասնակցությունն ունեցավ այս ֆիլմում եւս, որովհետեւ սա առաջին համագործակցությունը չէր, «Արտույտների ագարակում», «Նամուսում», «Արարատ» եւ «Թեւանիկ» ֆիլմերում եւս աշխատել ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Խոստում» ֆիլմի մասին` ավելի ուշ: