Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի՝ մետրոյի նոր կայարան կառուցելու խոստմանն արձագանքում են տնտեսագետները

Ապրիլ 24,2017 19:12

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Աջափնյակ համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ  հայտարարել է. «Եթե ընտրեք մեզ, մենք 5 տարվա մեջ կկառուցենք նոր մետրոկայարան ձեզ համար»։

Փաշինյանի այս խոստմանը գործող Երեւանի քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու  Տարոն Մարգարյանն էլ հակադարձել է, որ  մետրո կառուցելու համար շատ մեծ միջոցներ են հարկավոր, եւ ըստ քաղաքապետի, ներկայումս մետրոյի նոր կայան կառուցելը իրատեսական չէ:

Իրատեսակա՞ն է արդյոք Երեւանում մետրոյի նոր կայան կառուցելը, Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետները տարբեր կարծիքներ են հայտնում:

Մեզ հետ զրույցում Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել Փաշինյանի ասածները, բայց իրենց՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում էլ նման բան կար. «Մեր նախընտրական տեսահոլովակում մեր ցուցակի ներկայացուցիչ, մետրոշինարարների ղեկավար Հմայակ Հարությունյանն էլ ասել էր՝  եթե տարեկան, ասենք՝ տարեկան 20-30 միլիոն դոլար բյուջեից հատկացվի,  2-3 տարում 2 կայարան կարող ենք կառուցել: Դա իրատեսական է եւ դա ասում ենք մենք»:

Ըստ Վազգեն Սաֆարյանի, նախկինում ինքն աշխատել է մի կազմակերպությունում, որի անդամ էր թունելաշինարարների կազմակերպությունը եւ լավ տիրապետում է մետրոյի կայան կառուցելու մանրամասներին. «Մենք լավ գիտենք Արագած կայանի կառուցելու տեխնիկական մանրամասները: Մենք միշտ ասել ենք ու էլի ենք ասելու՝ կառավարությունը պետք է որոշակի ներդրումային միջոցներ նախատեսի 2018-ի բյուջեով:  Մետրոպոլիտենի եւ Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության համար մեր բյուջեից, եթե տարեկան 50-60 միլիոն դոլար գումար հատկացվի, սա մեծ բան չէ, այս երկու օբյեկտների կառուցումը իրատեսական կլինի: 2008-ից խոսում են Հայաստան-Իրան երկաթգծի մասին, եթե այդ տարիներից սկսած տարեկան  30 միլիոն դոլար հատկացնեին, ապա այս տարիներին որոշակի աշխատանքներ սկսված կլինեին: Այսօր էլ ուշ չէ, եւ ոչ թե պետք է սպասենք մի ներդրողի, որն ասի՝ ես փող ունեմ՝ ունեմ կանեմ, այլ պետությունն էլ որոշակի ներդրումներ պետք է անի եւ այդ դեպքում այլ ներդրողներ էլ կգտնվեն»:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայումս մետրոպոլիտենի նոր կայարան կառուցելն այնքան էլ իրատեսական չէ:

«Ժամանակին, իհարկե, նման ծրագիր կար, նախագծվել էր, նախագիծը զարգացրել էին: Բայց, եթե որպես քաղաքապետի կոմպետենցիայի հարց դիտարկենք, իհարկե, ռեալ չէ: Խնդիրը հետեւյալն է՝ ինչ է նշանակում ընտրվենք՝ կկառուցենք: Եթե ասենք՝ ծրագրում ես ինչ-որ բան, ասենք՝ 500 միլիոն դոլարի ներդրումներ, քանի որ բարդ տեղանք է, մետրոյի ճյուղը տանել համապատասխան  տեղ, դրա համար լուրջ ներդրումներ ու լուրջ ներդրողներ պետք է լինեն, օրինակ՝ միջազգային կորպորացիաները՝ Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը կամ որեւէ այլ ինստիտուցիոնալ ներդրող: Այս դեպքում կարող է նաեւ մասնավորները հետաքրքրություն ունենան: Իսկ եթե ներքին միջոցների՝ կոպիտ ասած՝ հարկատուների միջոցներով է, այդ հարկատուն պետք է համաձայնություն տա, եթե քվե ստանա, միգուցե նաեւ էդպիսի լիազորություններ ունենա նման արտահայտություն անելու կամ ծրագիր իրագործելու: Բայց ներկայումս դա իրատեսական ծրագիր չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. samvel says:

    Ձեր կարծիքները, ե՞թե ընդունենք ապա կստացվի ներդրում կատարվի այն բնագավառում,որը վնասով է աշխատում:Ասենք Ն.Փաշինյանը քաջատեղյակ էր այդ ծրագրին և բանասերի ոճով այն ներկայացրեց ճիշտ է՛ կստեղծվեն աշխատատեղեր հետագայում այն կբերի իր պտուղները,կնվազի օդի աղտոտվածությոնը և այլն:
    Չեք գտնում, որ ունենք ավելի արդյունավետ բնագավառներ, որտեղ այդ չաթի ներդրումով՛ թեկուզ մեկ տարի ուշացումով՛ արդեն մեր միջոցներով և Ձեր ասած ծրագիրը կիրագործվի:
    Մեզ ընդամենը պետք ՝ ջիղ և օրենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930