Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Ստամբուլի Հայոց պատրիարքարանին, հաղորդում է «Անադոլուն»:
Իր ուղերձում Էրդողանը ողջունել է Հայ առաքելական եկեղեցու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և Թուրքիայի հայերին:
Ուղերձում Էրդողանը նշում է, որ ինքը, ինչպես և նախորդ տարիներին, հարգում է «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծանր պայմաններում զոհված» Օսմանյան պետության հայերի հիշատակը և ցավակցություն է հայտնում նրանց ժառանգներին:
Կարդացեք նաև
«Հարգում եմ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված Օսմանյան կայսրության միլիոնավոր բնակիչների հիշատակը»,- ասվում է փաստաթղթում:
Ուղերձում նաև նշվում է, որ ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության շրջանում, մեծ ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում: Էրդողանի խոսքով՝ հայրերը, «այսօր, ինչպես և երեկ, այս երկրի ազատ և հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիներ են», որոնք կարևոր դեր են խաղում Թուրքիայի սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում:
«Երկու ժողովուրդները դարերով կիսել են ուրախությունը և ցավը: Մեզ համար ընդհանուր նպատակ է բուժել անցյալի վերքերը և ամրապնդել մարդասիրական կապերը: Վերջին 14 տարիներին այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել, իրականացվել են իսկապես պատմական բարեփոխումներ»,- ասվում է ուղերձում:
Էրդողանի խոսքով՝ Անկարան հետագայում էլ կշարունակի քայլեր ձեռնարկել հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ:
«Հայկական համայնքի անդամների հանգստությունն ու անվտանգությունը մեզ համար հատուկ նշանակություն ունեն: Մենք չենք հանդուրժի, որ Թուրքիայի քաղաքացի անգամ մեկ ազգությամբ հայ իրեն զգա օտարացված կամ երկրորդ կարգի մարդ»,- ասվում է Թուրքիայի նախագահի ուղերձում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ