Ապրիլի 23-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի կյանք փրկած շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմի մոտ ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին նախորդել էր ավանդական ուխտագնացությունը: Արարողությունից հետո Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրերի կողմից կատարվեց հոգեհանգստյան աղոթք։ Միջոցառմանը մասնակցեցին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայում հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչներ։
Նույն օրը Ստոկհոլմի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Հումլեգորդենում կայացավ հանրահավաք, որի մասնակիցներն այնուհետև քայլարշավ կատարեցին դեպի Թուրքիայի դեսպանություն։
Երեկոյան Ստոկհոլմի Սոդերմալմի Հոգալիդ եկեղեցում մատուցվեց Բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։
Հիշատակի արարողությանը մասնակցեցին և ելույթներ ունեցան ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անդերշ Օստերբերգը (իշխող Սոցիալ դեմոկրատներ կուսակցություն), Ֆրեդրիկ Մալմը (Լիբերալ կուսակցություն) և Յենս Հոլմը (Ձախ կուսակցություն)։ Միջոցառմանը ելույթներ ունեցան նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր այրեր, Շվեդիայում ասորական համադրող կենտրոնի ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Մասնակիցներին ուղղված իր խոսքում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանը, ինչպես նաև Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Նշելով, որ անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ, նա ընդգծեց, որ քաղաքական գործիչները պետք է հստակ գնահատականներ տան մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներին, առավել ևս մարդկության դեմ հանցագործություններին, լինի դա ներկայում, թե անցյալում։
Ապրիլի 22-ին Սոդերթելյե քաղաքում Շվեդիայի ՀՅԴ երիտասարդական միության «Սարդարապատ» մասնաճյուղը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հուշ երեկո, որի հիմնական բանախոսն էր ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արշակ Մանուկյանը։
ՀՀ ԱԳՆ