Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ Թուրքայի դրոշն այրելու մասին. «Հարգել էդ պետության դրոշը, որ ներկայացնում է, թե ոչինչ չկա, չգիտեմ ինչքանով է ճիշտ» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 24,2017 17:45

Շիրակի, ինչպես նաև Լոռու մարզի բնակիչներն ու պաշտոնյաները 1915 թվականի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգեցին Ջարդի կամ Հերհերի ձորում, որտեղ ըստ պատմական տվյալների, 1915-1918թթ. դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները: Կանանց ու երեխաներին ժայռերից գլորել են ձորը, տղամարդկանց էլ ցած նետել՝ սրատելով: Հայ պաշտոնյաներից բացի այստեղ էին նաև 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի հրամանատարությունը, ռուսական հյուպատոսարանի ներկայացուցիչները, Գյումրիում ռուս հոգևորականը: Մարդիկ գալիս էին մանկահասակ երեխաների հետ, քիչ չէին նաև այն տարեցները, որոնց հիշողություններում դեռ թարմ են իրենց հարազատների բնաջնջման դաժան պատմությունները:

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե միայն հզոր պետություն կառուցելով կարող ենք այս ամենին դիմակայել: «Եթե չունեցանք հզոր պետություն, մեր ձայները ոչ մեկն էլ չի լսելու: Լսելու են ուժեղին, որոնք որ ի վիճակի են պարտադրել իրենց խոսքը լսելու»,-ասաց մարզպետը:

Aravot.am-ը Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշները այրելուն: «Սա էլ ինչ-որ մի ձևով վերաբերմունք է, վերաբերմունք մի պետության խորհրդանիշի նկատմամբ, որը մինչև այսօր չի դատապարտում, երբ որ նույն Թուրքիան Թալիաթին, մյուսին դատապարտեց մահվան, էսօր փորձում են ներկայացնել, որ ընդհանրապես ոչինչ չկա: Եվ հարգել էդ պետության դրոշը, չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի»,- ասաց մարզպետը:

Հովսեփ Սիմոնյանի կարծիքով հայի տեսակը փոխվել է, դարձել է ավելի ուժեղ, ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն է: Ըստ նրա, հիշելով պիտի սգալ, բայց սգալով ուժեղանալ: «Էնպես չէ, որ հիմա եկել ենք, լալիս ենք, թե դուք մեզ կոտորել եք, եկել ենք, ասում ենք՝ դուք անզեն մարդ եք կոտորել, ի վիճակի չեք կոտորելու, երբ որ մենք զենք ունենք», ասաց Հովսեփ Սիմոնյանը:


Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930