Լրահոս
Օրվա լրահոսը

«Պեդրո Ագրամունտն ինքն էր խնդրում, որ իրեն գործուղեն Ադրբեջան». Ջերլանդ Կնաուս

Ապրիլ 24,2017 17:31

Այս պահին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի շրջանակներում անցկացվում է քննարկում «Կոռուպցիոն մեղադրանքները և թափանցիկությունը ԵԽԽՎ-ում» թեմայով: Այն նախաձեռնել է Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Փիթեր Օմզիգը:

Քննարկմանը սուր քննադատության ենթարկվեց այն փաստը, որ ԵԽԽՎ պատվիրակը, նախագահը կարող են կաշառք վերցնել` պատճառաբանելով, որ դա լուրջ վնաս է հասցնում կառույցի հեղինակությանը:

Եվրոպական կայունության նախաձեռնության (ESI) ղեկավար Ջերլանդ Կնաուսը հիշեցրեց. «Լուկա Վոլոնտեն 200.000 եվրո կաշառք էր վերցրել: Այդ սկանդալից հինգ ամիս հետո այժմ Պեդրո Ագրամունտի սկանդալն է ծագել: Նման իրավիճակի հետ գործ ունենք, քանի որ պատշաճ հետաքննություն և թափանցիկություն չի ապահովվել: Այս ամենի պատասխանատվությունը, բնականաբար, ընկնում է կառույցի ղեկավարի վրա»:

Նա նաև օրինակներ բերեց Պեդրո Ագրամունտի` ոչ այնքան օբյեկտիվ գործունեությունից, երբ նա ինքն է խնդրել, որ իրեն դիտորդական առաքելության գործուղեն Ադրբեջան կամ մինչ ընտրությունների մեկնարկը կարծիք է հայտնել, որ դրանք լինելու են թափանցիկ և այլն: Պարոն Կնաուսն իր զարմանքն արտահայտեց, թե ԵԽԽՎ-ն երբեք չի ունեցել մի որևէ նախագահ, որն այսքան հաճախ այցելած լինի Ադրբեջան:

Փիթեր Օմզիգն էլ մտահոգություն հայտնեց, որ Պեդրո Ագրամունտն իր գործարքներով հեղինակազրկում է մի կառույց, որը զբաղվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմը ձևավորելով:

Քննարկումից հետո Aravot.am-ը պարոն Օմիզիգին հիշեցրեց, որ
օրերս անգլիական «Գարդիանը» հրապարակել է ևս մեկ տեղեկատվություն՝ ԵԽԽՎ ում ադրբեջանական լայնածավալ կոռուպցիայի մասին, որի ծավալը, ըստ ադրբեջանական նախկին դիվանագետի`կազմում է 30 միլիոն ԱՄՆ դոլար կամ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այնուհետև հետաքրքրվեցինք` այս փաստերն օգտագործո՞ւմ են և ըստ իրենց` ինչպիսի՞ մարմին պետք է ձևավորվի հետաքննություն անցկացնելու համար: Պարոն Օմզիգը տեղեկացրեց, որ անպայման այդ փաստերն իրենք կդնեն շրջանառության մեջ ու մանրամասնեց. «Մենք պահանջում ենք անկախ հետաքննություն, որը հաշվետու կլինի անմիջապես վեհաժողովին: Կաշառակերությունը քրեորեն պետք է պատժվի, և ես կասկածներ ունեմ, որ կան մի շարք այլ դեպքեր»:

Հետաքննություն անցկացնող մարմնի վերաբերյալ պատվիրակը փոխանցեց. «Այդ կառույցի կազմում կարող են լինել ՄԻԵԴ-ի նախկին դատավորներ, ազգային դատախազներ, մարդիկ, որոնք մասնագիտացված են կաշառակերության դեպքերի հետաքննության մեջ: Այսօր առավոտյան կայացած նիստը ցույց տվեց, որ Ագրամունտը չունի վստահություն պատվիրակների շրջանում: Նա յուրաքանչյուրի պես, իհարկե, ունի ինքն իրեն պաշտպանելու իրավունք, այդ իսկ պատճառով ես առաջարկեցի, որ վաղը լսում կազմակերպվի, որպեսզի նա պարզաբանումներ ներկայացնի: Ցավոք, նրան հեռացնելու իրավական մեխանիզմներ չկան, և դրա համար ես առաջարկեցի, որ օրակարգ փոխենք, որպեսզի այս հարցը կարողանանք լուծել»:

Հավելենք, որ ԵԽԽՎ պատվիրակների շրջանում արդեն այն տրամադրություններն են, որ այս նստաշրջանին Պեդրո Ագրամունտը հրաժեշտ է տալու վեհաժողովին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930