Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կարո՞ղ է ընդունել Էրդողանի հրավերը

Ապրիլ 24,2017 18:55

Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի համոզմամբ` ՍԾՏՀԿ հոբելյանական առաջիկա գագաթնաժողովը ՀՀ իշխանությունների կողմից չպետք է անուշադրության մատնվի:

«Մայիսի վերջին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) հիմնադրման 25-ամյակը պետք է նշվի, հոբելյանական գագաթնաժողով է նախատեսված Ստամբուլում` նախագահ Էրդողանի հյուրընկալությամբ: Ընդհանրապես, ՍԾՏՀԿ-ն այն հարթակն է, որտեղ Թուրքիա-Հայաստան շփումներ են լինում: Նախագահ Էրդողանը կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարներին հրավերներ է ուղարկում, հիմա չգիտեմ` այս մթնոլորտում նախագահ Սարգսյանը կընդառաջի՞ այդ հրավերին», «Առավոտ»-ի հետ զրույցի ընթացքում ասաց Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:

Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը

Բայց եղե՞լ է հրավեր Թուրքիայի նախագահի կողմից ՀՀ նախագահին, հարցրեցինք պարոն Գոչունյանին:

«Չգիտեմ, կամ` եղել է, կամ ընթացքի մեջ է: Ընդհանրապես գագաթնաժողովին պետությունների կառավարությունների ղեկավարները, կամ պետությունների առաջնորդներն են ընդառաջում: Հայաստանն ու Թուրքիան սովորաբար բաց չեն թողնում ՍԾՏՀԿ գագաթնաժողովների հարթակները: Հայաստան-Թուրքիա` առիթ ձեւավորելու այդ հարթակը հնարավոր է եղել մինչ այժմ, եւ եթե առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում մի որեւէ շփում լինի, կամ` մթնոլորտի փոփոխության մի որեւէ առիթ լինի, իհարկե, դա այնքան էլ հավանական չէ, բայց, եթե ցանկանում ենք լավատես լինել` հիմա այդպիսի մի հանգրվան կա:

Թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում նոր իշխանություններ են` վերջերս երկու երկրներում էլ անցկացված ընտրությունների արդյունքում, Հայաստանում էլ, Թուրքիայում էլ անցումային շրջաններ են` կառավարման համակարգի փոփոխություններով: Չգիտեմ, թե ՀՀ իշխանություններն ինչ որոշում կկայացնեն, ինչ մակարդակով մասնակցություն կունենան այդ գագաթնաժողովին: Մի անգամ Հայաստանն, օրինակ, փոխնախարարի մակարդակով էր մասնակցել, դա ձեւական մասնակցություն էր», ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ՍԾՏՀԿ գագաթնաժողովը չի կարելի անուշադրության մատնել:

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Երեւանում

Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլին Երեւան ժամանեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը մասնակցեց ՍԾՏՀԿ նիստին: Իսկ 2013թ. դեկտեմբերին Երեւան ժամանեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը նույնպես մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին:

Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք ապրիլի 25-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Իսկ Էրդողանը հրավիրե՞լ է Սերժ Սարգսյանին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930